Տարանտինոյի նոր ֆիլմի թրեյլերը համացանցում է
Sony Pictures ընկերությունը թողարկել է Քվենտին Տարանտինոյի «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմի առաջին թրեյլերը։ Գլխավոր դերերում Լեոնարդո Դի Կապրիոն և Բրեդ Փիթն են։
Եվրանյուզի հաղորդմամբ, կատակերգական դրաման, որի գործողությունները տեղի են ունենում 1969 թվականին, ներկայացնում է դերասան Ռիկ Դալթոնի և նրան փոխարինող կասկադյոր Կլիֆ Բուտի պատմությունը, որոնք փորձում են մտնել կինոարդյունաբերություն։ Ֆիլմի իրադարձությունները ծավալվում են Չարլզ Մենսոնի բանդայի կողմից իրականացվող սպանությունների ֆոնին։ Նախապես Տարանտինոն ծրագրել էր ֆիլմը էկրաններ հանել օգոստոսի 9-ին, Մենսոնի բանդայի կողմից դերասանուհի Շերոն Թեյթի, նրա ընկերների ու Լա-Բյանկա ընտանիքի սպանության 50-րդ տարելիցի օրը։ Սակայն, վերջին տվյալներով, ֆիլմի ամերիկյան պրեմիերան նախատեսված է հուլիսի 26-ին։
Մայիսին ֆիլմը կցուցադրվի Կաննի կինոփառատոնում։
«Մեկ անգամ Հոլիվուդում»-ը Տարանտինոյի առաջին ֆիլմն է Հարվի Վայնշտեյնի պրոդյուսերական ընկերության հետ համագործակցությունը դադարեցնելուց հետո։