Քննարկվում է մարտական հերթապահությունում ընդգրկված զինծառայողների ծառայության ժամկետը կրճատելու հարցը. Դավիթ Տոնոյան
Կառավարությունն այսօրվա նիստում բացասական եզրակացություն տվեց ԲՀԿ պատգամավորների կողմից ներկայացված օրենսդրական նախաձեռնությանը, ըստ որի առաջարկվում է օրենքով ամրագրել, որ մարտական հերթապահություն կարող են կատարել միայն առնվազն մեկ տարի շարային ծառայություն անցնող զինվորները:
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ներկայացնելով նախագիծը՝ նշեց, որ Կառավարությունն առաջարկում է օրենքի գործող հոդվածը թողնել անփոփոխ:
Նախարարի խոսքով՝ ՀՀ զինված ուժերում զինծառայողների պատրաստվածության գործընթացն իրականացվում է ուսումնական փուլերով, որի շրջանակներում Պաշտպանության նախարարի հրամանով հաստատված մարտական պատրաստության ծրագրով նախատեսված է պարտադիր զինվորական ծառայության առաջին հինգ ամիսների ընթացքում պարտադիր զինվորական ծառայություն անցնող զինծառայողի համապատասխան պատրաստության և զինվորական մասնագիտության ուսուցման, ստորաբաժանման կազմում ներդաշնակման և գործելու ամբողջական ցիկլը, որի արդյունքում զինծառայողը ստանում է անհրաժեշտ պատրաստվածություն՝ մարտական հերթապահությունում ընդգրկվելու համար:
Դավիթ Տոնոյանը նշեց, որ դա նշանակում է՝ որևէ պարտադիր զինծառայող առանց հնգամսյա պատրաստության ծրագիրն անցնելու չի ներգրավվում մարտական հերթապահության մեջ:
Նախագծում նշվում է, որ ուսուցման փուլը (մարտական պատրաստության ծրագիրը) ևս յոթ ամսով երկարաձգելը կհանդիսանա ուսուցման ծրագրի չհիմնավորված ընդլայնում (ծրագրի կրկնողություն), ինչը ոչ բարենպաստ ազդեցություն կունենա թե զինվորական ծառայության կազմակերպման նպատակային գործընթացի, թե մարտական հերթապահություն իրականացնող զորամասի մարտական խնդրի կատարման վրա:
Բացի այդ, նախագծի ընդունման արդյունքում պետք է շհամապատասխան փոփոխությունների ենթարկվեն Հայաստանի Հանրապետության Զինված ուժերում ուսումնական փուլերը և մարտական պատրաստության ծրագրերը կանոնակարգող Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանները:
Դավիթ Տոնոյանը նաև նշեց, որ ՊՆ-ում ներկայումս քննարկվում է մարտական հերթապահությունում ընդգրկված պարտադիր զինծառայողների ծառայության 24-ամյսա ժամկետը կրճատելու, իսկ մարտական հերթապահությանը շչընդգրկված զինծառայողների ծառայության ժամկետը ավելացնելու հնարավորության հարցը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան