Փորձում ենք ԶՈւ-ում ավելի մեծ թվով պայմանագրային զինծառայողներ ներգրավել. Գաբրիել Բալայան
Մարտի 21-ին ՀՀ Կառավարությունն ընդունել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, համաձայն որի, նախատեսվում է ավելացնել պայմանագրային զինծառայողների թվաքանակը: Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը:
«Փորձում ենք ԶՈւ-ում ավելի մեծ թվով պայմանագրային զինծառայողներ ներգրավել՝ սահմանելով տարիքը մինչև 40 տարեկան՝ գործող 36-ի փոխարեն»,- ասաց փոխնախարարը:
Անդրադառնալով գործադիրի նիստում Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի այն հայտարարությանը, թե քննարկվում է մարտական հերթապահությունում ընդգրկված պարտադիր զինծառայողների ծառայության 24-ամյսա ժամկետը կրճատելու, իսկ մարտական հերթապահությանը չընդգրկված զինծառայողների ծառայության ժամկետը ավելացնելու հնարավորության հարցը, Գաբրիել Բալայանն ասաց՝ միտումն այն է, որ առաջնագծում ծառայեն բացառապես առողջ շարային կազմի պարտադիր զինծառայողները, և սա առաջին քայլն է այդ քննարկումների համատեքստում:
«Փորձելու ենք գտնել հնարավորություն, որպեսզի առողջները ծառայեն ավելի կարճ ժամանակ՝ իրականացնելով մարտական խնդիրներ, իսկ այն անձնակազմը, որը սահմանափակումներ ունի, սակայն պիտանի է զինվորական ծառայության համար, կատարի այլ գործառույթներ մի քիչ ավելի երկար ժամկետով, քան առաջնագծում ծառայողները»,- ընդգծեց փոխնախարարը:
Նա նաև նշեց, որ այդ հարցը քննարկման փուլում է և ձեռնպահ մնաց կոնկրետ ժամկետներ նշելուց։
Գաբրիել Բալայանն անդրադարձավ նաև Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական ուսումնական վարժարանի հետագա ճակատագրին: Հարցին, թե արդյոք վարժարանը կտեղափոխեն, փոխնախարարը պատասխանեց. «Մինչև ավելի լավ պայմաններ չստեղծենք, վարժարանն այնտեղից չի տեղափոխվելու»:
Հարակից հրապարակումներ`
- Քննարկվում է մարտական հերթապահությունում ընդգրկված զինծառայողների ծառայության ժամկետը կրճատելու հարցը. Դավիթ Տոնոյան
- Որոշ դեպքերում հարազատ եղբայրները չեն կարող ծառայել նույն զորամասում