Աննա Օհանյան. Ինձ ուղղված վիրավորանքներին որևէ կերպ չեմ անդրադառնալու
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի մամուլի խոսնակ Աննա Օհանյանն արձագանքել է պատգամավոր Գայանե Աբրահամյանի հնչեցրած հայտարարությանն ու դրան հետևած արձագանքներին։
Աննա Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ոչ մի կերպ չէի ուզում անդրադառնալ այս աղմուկին, բայց այն դեռ առավոտից ինձ խանգարում է նորմալ իրականացնել աշխատանքային պարտականություններս։ Ուստի, խնդրում եմ ընդունել ի գիտություն․
• Նախարար Տիգրան Խաչատրյանից ստանալով նախկին աշխատանքիս վերադառնալու առաջարկը՝ սառեցրել եմ անդամակցությունս Հայաստանի Հանրապետական կուսակցությանը, քանի որ այո, քաղաքական և մասնագիտական առումով դա կոռեկտ չէր լինի։
• Երիտասարդական քաղաքական ակտիվ շրջանում որևէ մեկին հանրայնորեն չեմ վիրավորել, մշտապես մնացել եմ քաղաքական կիրթ բանավեճի սահմաններում։ Այժմ էլ ինձ ուղղված վիրավորանքներին որևէ կերպ չեմ անդրադառնալու։
• Թեև իմ վերադասը համարում է, որ պատշաճ իրականացնում եմ աշխատանքային պարտականություններս, այնուամենայնիվ, մեր գերատեսչության տեղեկատվության և հասարակայնության կապերի վարչությունը բաց է ցանկացած առաջարկի առաջ՝ բարելավելու հանրության հետ կապը, ՏԶՆՆ գործունեության լուսաբանումը։
• Եվ վերջապես, կարծում եմ, որ իմ համեստ անձը և այս թեման հեռու է նման մասշտաբի քննարկումների արժանի առարկա լինելուց»։
Հիշեցնենք, որ երեկ ԱԺ-ում դիմելով տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանին՝ պատգամավոր Գայանե Աբրահամյանն ասել է. «Իմ մտահոգությունը ձեր նախարարության առումով մի փոքր այլ է։ Գերատեսչության մամլո խոսնակի՝ ի դեմս Աննայի, մամլո խոսնակ ունեք, որը տարիներ շարունակ ըստ էության ամբողջությամբ ծառայել է Հանրապետական կուսակցությանը՝ լինելով նաև կուսակցության անդամ։ Ներողություն հարցադրման համար, բայց սա իսկապես կարծում եմ՝ հիմնարար խնդիր է։ Արդյո՞ք նա ազնվորեն կարող է ներկայացնել այն ամբողջ աշխատանքը, որ այսօր է իրականացվում»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին