Ես և իմ ընտանիքը որևէ կապ չունենք բենզինի ու նավթամթերքի շուկայի հետ. Վանեցյան
Ազգային անվտանգության տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ մամուլի այն հրապարակումներին՝ թե բենզինի բիզնեսում մասնաբաժին ունի։
«Եթե ես սկսեմ դատի տալ իմ մասին գրող մարդկանց, ուղղակի խայտառակություն կլինի։ Ես հերքում եմ այդ նյութը և խորհուրդ կտամ այդ լրատվամիջոցին ևս հերքումով հանդես գալ, որովհետև օգտագործել իմ անունը, որպեսզի իրենց դիտումներն ու իրենց նյութը շատ կարդացվի, ուղղակի ամոթալի է։ Իմ ընտանիքը որևէ կապ չունի բենզինի և նավթամթերքի շուկայի հետ»,-ասաց Արթուր Վանեցյանը։
Լրագրողները ԱԱԾ տնօրենից հետաքրքրվեցին, թե ինչ կարծիք ունի այն մասին, որ Սպահանում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ ՀՀ-ում կան քաղաքական գործիչներ, որոնք ավելի շատ օտարերկրյա գործակալներ են։
«Այդ հարցին վարչապետը տվել է իր գնահատականը։ Մենք ոչ միայն այդ հայտարարության հետ կապված, նաև իրականացնում ենք աշխատանքներ, որպեսզի այլ երկրների հատուկ ծառայությունների հետ առնչություն և կապեր ունեցող անձինք բացահայտվեն», -պատասխանեց Վանեցյանը։
Անդրադառնալով իրավապահների աշխատանքին ասաց. «Ես էլ եմ դժգոհ իրավապահ մարմինների՝ հատկապես Ազգային անվտանգության ծառայության աշխատանքից, որովհետև, այո, որոշակի նվազում կա այն տեմպի և այն աշխատանքների, որոնք մենք իրականացրել ենք մեր գործունեության սկզբնական շրջանում։ Իսկ եթե ավելի լուրջ, դա բացատրվում է նրանով, որ իրավական հիմքերը պետք է լինեն շատ ամուր, որպեսզի մեր կատարած որևէ գործ հետագայում հնարավոր չլինի շահարկել, բողոքարկել և ասել, թե մենք գործել ենք քմահաճույքով։ Մենք գործում ենք միայն օրենքով և փորձում ենք անել ամեն ինչ, որպեսզի օրենքի բոլոր պահանջները պահվեն։ Ես կարծում եմ, որ առաջիկայում ևս կլինեն հնչեղ բացահայտումներ»։
Հարակից հրապարակումներ`
- Քոչարյանին ուղղված Շիրխանյանի նամակը դատախազությունն ուղարկել է ԱԱԾ. Վանեցյան
- Այլևս հնարավոր չէ գաղտնալսման համար նախատեսված սարքեր ներկրել Հայաստան. Վանեցյան
- «Իրատես». Փաշինյանի կառավարությունը Վանեցյանին առաջարկել է դուրս գալ բենզինի բիզնեսոլորտից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան