Միջազգային իրավունքը ևս մեկ բարձունք հանձնեց Դոնալդ Թրամփին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շարունակում է Մերձավոր Արևելքում ամերիկյան քաղաքականության վերանայման գործընթացը։ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելուց և պաղեստինցիներին օգնությունը կրճատելուց հետո, այս անգամ նա անդրադարձել է Գոլանի բարձունքների խնդրին։ Երեկ հրապարակված թվիթում նախագահ Թրամփը հայտարարել է․ «52 տարի հետո արդեն ժամանակն է, որ Միացյալ Նահանգները ամբողջապես ճանաչի Իսրայելի ինքնիշխանությունը Գոլանի բարձունքների նկատմամբ, ինչը վճռական ռազմավարական և անվտանգային կարևորություն ունի Իսրայելի պետության և տարածաշրջանային կայունության համար»։
Ընդամենը 1800կմ քառակուսի մակերես ունեցող Գոլանի բարձունքները կարևոր ռազմավարական նշանակության տարածք է Իսրայելի և Սիրաիայի միջև։ Այն իսրայելական զորքերը Սիրիայից գրավել են 1967թ. պատերազմում։ 1973թ. Սիրիան անհաջողությամբ փորձեց հետ վերցնել այդ տարածքը։ 1981թ. Իսրայելը միակողմանիորեն իրեն միացրեց Գոլանի բարձունքները, ինչը միջազգայանորեն չի ճանաչվել։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 497 բանաձևով դատապարտվում է այս քայլը։
Բարձունքները Սիրիայի մայրաքաղաքից 60կմ հեռավորության վրա են և թույլ են տալիս հետևելու սիրիական զորքի տեղաշարժերին։ Բացի այդ դրանք ջրի կարևոր աղբյուր են ջրազուրկ այդ տարածաշրջանում։
Գոլանի բարձունքների հարցը իսրայելա-սիրիական բանակցություններում կենտրոնական խնդիր է։ Սիրիական կողմի պահանջն է, որ ցանկացած խաղաղ համաձայնագիր պետք է ներառի Գոլանի ամբողջական վերադարձ։ 1999-2000թթ. ԱՄՆ միջնորդությամբ տեղի ունեցող բանակցություններում Իսրայելի վարչապետը առաջարկում էր մասանակի վերադարձ։ Սիրիական պատերազմի սկսումից ի վեր բանակությունները դադարեցվել են։
Թրամփի կողմից Գոլանի բարձունքները որպես Իսրայելի ինքնիշխանության տակ գտնվող տարածքի ճանաչումը ոչ միայն հակասում է ԱՄՆ նախկին քաղաքականությանը, այլ նաև խնդրի վերաբերյալ միջազգային կոնսենսուսին։ Սակայն դա այնքան էլ անակնկալ չէր և այդպիսին կարելի է համարել միայն ժամանակի առումով։ Այն, որ ԱՄՆ գնալու է այս քայլին, արդեն ուրվագծվում էր անցած տարի, երբ նոյեմբերին ԱՄՆ-ն առաջին անգամ դեմ քվեարկեց Գոլանի բարձունքների օկուպացիան դատապարտող ՄԱԿ-ի ԳԱ տարեկան բանաձևին։ Մինչ այդ ԱՄՆ-ը ձեռնպահ էր մնում։
Շատերն այն կարծիքին են, որ Թրամփի կողմից ընտրված ժամանակը կապված է ապրիլին կայանալիք իսրայելական խորհրդարանական ընտրությունների հետ։ Գործող վարչապետ Բենյամին Նեթանյահուին կոշտ մրցակցություն է սպասվում, և ԱՄՆ-ը նախագահի այս քայլը դիտարկվում է որպես նրան մեծ աջակցություն։
Իսրայելի վարչապետը լուրի մասին տեղեկացավ այն ժամանակ, երբ հանդիպման էր Երուսաղեմ ժամանած ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ, և շտապեց թվիթերով շնորհակալություն հայտնել Թրամփին։
«Այն ժամանակ, երբ Իրանը ձգտում է Սիրիան օգտագործել որպես Իսրայելին ոչնչացման հարթակ, նախագահ Թրամփը քաջությամբ ճանաչեց Իսրայելի սուվերենությունը Գոլանի բարձունքների նկատմամբ։ Շնորհակալություն Նախագահ Թրամփ»,- գրել էր Նեթանյահուն։
Ճիշտ է՝ Թրամփի թվիթը, ըստ էության, տեղում բան չի փոխում, քանի որ այժմ չկան բանակցություններ և ոչ ոք չէր էլ սպասում, որ Իսրայելը այդ տարածքները կվերադարձնի, բայց այն ունի խորհրդանշական բնույթ և կարող է նաև որոշակի նախադեպ լինել։ Այս որոշման քննադատները պնդում են, որ դա կարևորագույն միջազգային սկզբունքի խախտում է՝ դրանով հաստատվում է բռնի ուժով տարածքի բռնագրավումը։ Բացի այդ որոշ փորձագետներ այն կարծիքին են, որ այս կերպ Թրամփը զրկվելու է բարոյական իրավունքից քննադատելու Ռուսաստանին՝ նույն կերպ Ղրիմի հետ վարվելու համար։
ԱՄՆ նախագահի այս քայլը պետք է դիտարկել ինչպես նրա՝ Իսրայելի նկատմամբ վարած քաղաքականության, այնպես էլ ավելի գլոբալ, միջազգային հարաբերություններում ԱՄՆ դերակատարման վերաիմաստավորման քաղաքականության համատեքստում։ Նման ռադիկալ նախաձեռնությունները, ինչքան էլ որ իրավական, նոմինալ տեսակետից անընդունելի լինեն, փաստացի ամրագրում են առկա իրավիճակը, որը երկար տարիներ հնարավոր չէ դուրս բերել փակուղուց, և գուցե հնարավորությունների նոր դուռ բացեն ձգձգված հիմնախնդրի կարգավորման համար։ Հարցն այն է՝ ո՞ւմ օգտին կլինի այն և ինչքանով արդարացի։ Այստեղ անհրաժեշտ կլինի Թրամփի ինքնագովազդած բիզնեսմենի տաղանդը՝ հասնելու բոլորի համար ընդունելի համաձայնության։
Մյուս կողմից այս լոկալ թվացող քայլերը իդեալականորեն տեղավորվում են Թրամփի գլոբալ մոտեցման շրջանակներում, նրա պատկերացրած աշխարհում, որտեղ առաջնային է պետությունը՝ իր եսասիրական շահերով, և միջազգային նորմերն ու սկզբունքները դատարկ խոսքեր են, որոնք ծառայում են էլի այդ նույն շահերին։ Գուցե շատերը համաձայնեն այս վերջին պնդման հետ։
Ոչ ոք չի վիճարկում ազգային շահի կարևորությունը, բայց դրանք խաղաղ, ոչ բռնի մեթոդներով ներկայացնելու և պաշտպանելու կանոններ ու ինստիտուտներ կան, որ վերջին հարյուրամյակում ստեղծել է մարդկությունը։ Եվ դրանց շարունակական արհամարումը, հատկապես համակարգի առաջար լիբերալ-ժողովրդավարական պետության կողմից, կարող են անվտանգության հետ կապված լուրջ խնդիրներ ստեղծել ու առաջին հերթին միջին ու փոքր պետությունների համար։
Ինչ վերաբերում է ԼՂ հակամարտության համատեքստում այս դրվագում զուգահեռներ փնտրելու գայթակղությանը, պետք է նշել, որ չնայած առերևույթ որոշ նմանությունների, յուրաքանչյուր դեպք ունի իր առանձնահատկությունները։ Իսրայելա-ամերիկյան հարաբերությունները առանձնահատուկ են, և այդ տարածաշրջանում Դոնալդ Թրամփի վարած քաղաքականությունը գրեթե անհնար է արտածել մեր տարածաշրջանի վրա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան