Արայիկ Հարությունյանը Հայաստանին դիֆիցիտն ավելացնելու ու համարձակ քայլեր կատարելու կոչ է անում
Արցախյան «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ, Արցախի նախկին վարչապետ, պետնախարար Արայիկ Հարությունյանն այսօր Երևանի պետական համալսարանում դասախոսություն կարդաց՝ «Հայաստանի տնտեսական զարգացման հեռանկարները» թեմայով։
«Ես 2008-ին հայտարարել եմ, պատերազմ չլինելու միակ տարբերակը, Հայաստանի Հանրապետության տնտեսական աճն է առնվազն 8 տոկոս։ Ցավոք, չստացվեց, բարեբախտաբար նավթի գինն ընկավ, Ադրբեջանում նավթի արդյունահանման ծավալների վերաբերյալ կանխատեսումները չարդարացան, դա էր պատճառը, որ պատերազմ չեղավ, որովհետև պատերազմը շատ թանկ ռեսուրսներ է պահանջում»,-ասաց նա։
Արցախցի նախկին պաշտոնյան ընդգծեց, որ մարտահրավերիներին դիմակայելու համար տնտեսական բարձր աճի ապահովումն անհրաժեշտություն է։
«Պետք է համարձակ գնալ պարտքի ավելացման՝ պետական և արտաքին, ապահովել ներդրումներ։ Պետք է ունենալ բյուջեի բարձր դեֆիցիտ, նաև ներդրումներ ոչ միայն պետական բյուջեով»,-առաջարկեց Հարությունյանն ու բերեց ԱՄՆ-ի, Չինաստանի, Ճապոնիայի, Թուրքիայի, Ֆրանսիայի, Իսրայելի ու այլ երկրների բյուջեների պակասուրդի մասին տվյալներ։
«Ուզում եմ՝ այս թիվը ֆիքսեք։ Լիբանանում ծախսային հատվածը կազմում է 16 մլրդ դոլար, դիֆիցիտը՝ 5 մլրդ։ մոտ 30 տոկոսը բյուջեի։ Նույնը Վրաստանում է։ Հայաստանը 2017-ին մոտ 3 մլրդ ծախս և 400 մլն դիֆիցիտ։ Դիֆիցիտից չպետք է վախենալ։ Այն ուղղել տնտեսության զարգացմանը, կապիտալի ավելացմանը, ներդրումներին ու ենթակառուցվածքներին»,-ասաց Հարությունյանը։
Նա նշեց, հիմա բոլորն ասում են, իշխանափոխությունից հետո գողացված գումարները պետք է վերադարձվեն, ծառայեն արտաքին պարտքի նվազեցմանը։
«Մեզ ավելի շատ պետք է տնտեսական աճ, որ մեր բյուջեն մեկ շնչի հաշվով ոչ թե լինի 1000-1200 դոլար, այլ լինի առնվազն 5000, 7000, 12000 դոլար, որ լինի ժողովրդագրական աճ։ Մենք պետք է եզրակացություն անենք, եթե ուզում ենք դիամգրավենք մարտահրավերին, պետք է գնանք համարձակ քայլերի»,-ասաց նա։
Նախկին վարչապետն ասաց, 90 թվականին Արցախի հետամնաց տնտեսությունն անվանական ՀՆԱ-ի միջին արժեքով անցել է Հայաստանին ու մոտեցել Ադրբեջանի տնտեսությանը։
«2007-ին Արցախի ՀՆԱ-ն մեկ շնչի հաշվով երկու անգամ զիջում էր Հայաստանին, 2018-ին անցել ենք։ 32 մլրդանոց բյուջեն դարձել է 112 մլրդ բյուջե, Էներգետիկ անկախություն, վերականգնվող էներգետիկա, զարգացող գյուղատնտեսություն և այլն»,-նշեց նա։
Նա շնորհակալություն հայտնեց Հայաստանին տրամադրած ֆինանսական աջակցության համար, նաև հիշեցրեց, որ արցախցիների ներմուծած ապրանքների համար վճարած մաքսատուրքն ու ԱԱՀ-ն գնում են Հայաստանի բյուջե։
Հարակից հրապարակումներ`
- Արայիկ Հարությունյանը վստահ է՝ Արցախում գյուղատնտեսությունը տնտեսական աճն ապահովող հիմնական ուղղություններից է լինելու
- Արցախում ներդրումների նվազման մտահոգությունները տեղին չեն. Արայիկ Հարությունյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան