«Գալուստ Գյուլբենկյան-150». թողարկվել է նոր հուշադրամ
ՀՀ կենտրոնական բանկը մարտի 22-ից շրջանառության մեջ է դրել «Գալուստ Գյուլբենկյան-150» ոսկե հուշադրամը: Այս մասին հայտնում են ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Դիմերես` հայ բարերարի հավաքական կերպարը խորհրդանշող հուշակոթողը («Հայ բարերարների ճեմուղի» հուշահամալիր) և «ԵՐԱԽՏԱՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ» երկլեզու մակագրությունը: Դարձերես` Գ. Գյուլբենկյանի դիմանկարը և նրա ստորագրությունը:
Տեխնիկական չափանիշները
Անվանական արժեքը 10 000 դրամ
Մետաղը և հարգը ոսկի 900
Քաշը 8,6 գ
Տրամագիծը 22,0 մմ
Որակը պրուֆ
Դրամաշուրթը ատամնավոր
Տպաքանակը 1000 հատ
Էսքիզների հեղինակներ՝ Հարություն Սամուելյան (դիմերես) և Վարդան Վարդանյան (դարձերես):
Հատվել է Լիտվայի դրամահատարանում: Գալուստ Գյուլբենկյանը (1869-1955 թթ.) հայ մեծանուն գործարար է և բարեգործ: Նա անցյալ դարասկզբին նավթաշխարհի հեղինակավոր ներկայացուցիչն էր և նավթային դիվանագիտության մեջ ամենաազդեցիկ դեմքերից մեկը:
Ուսումնասիրել է Միջագետքի նավթի պաշարները և զբաղվել նավթի արտահանմամբ: 1930 թ. Փարիզում ընտրվել է Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ: Գյուլբենկյանի կտակի համաձայն՝ 1956 թ. Լիսաբոնում հիմնվել է «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամը, որը ֆինանսական մեծ աջակցություն է ցուցաբերել Սփյուռքի հայ մշակութային միություններին, հայկական դպրոցներին և հոգևոր հաստատություններին, կրթաթոշակներ տրամադրել հայ աշակերտներին և ուսանողներին: Գյուլբենկյանը ձեռք է բերել արվեստի գործերի, մետաղադրամների և արվեստագիտական գրքերի հարուստ հավաքածու, որն այժմ ներկայացված է Լիսաբոնում, աշխարհի բացառիկ` Գալուստ Գյուլբենկյանի թանգարանի ցուցասրահներում:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան