Էրդողանին վիրավորած թուրք համայնքապետը հեռացվել է պաշտոնից
Թուրքիայի Բալըքէսիր նահանգի Էրդեք շրջանի համայնքապետ Հյուսեյին Սարըն ներքին գործերի նախարարության կողմից հեռացվել է աշխատանքից։ Ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը (ԺՀԿ-CHP) ներկայացնող համայնքապետը մեղադրվում է Թուրքիայի նախագահին վիրավորելու մեջ։
Սարըի դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում թուրքական դատարանը յուրօրինակ վճիռ է կայացրել՝ որոշելով համայնքապետին 11 ամիս 20 օր ժամկետով զրկել որևէ պաշտոնական դիրք զբաղեցնելու, ընտրելու և ընտրվելու և մի շարք այլ իրավունքներից։
Թուրքիայի վճռաբեկ դատարանը 2018թ․ դեկտեմբերի 6-ին հաստատել էրտեղական դատարանի վճիռը։ Արդյունքում վճիռն օրինական ուժի մեջ է մտել և Հյուսեյին Սարըն զրկվել է իր պաշտոնեական լիազորություններից։
Պատժի ժամկետի սկիզբը հաշվարկվելու է 2019թ․ մարտից։ Հայտնի է նաև, որ Սարըն իր թեկնածությունն է դրել մարտի 31-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններում՝ որպես Էրդեքի համայնքապետի թեկնածու։ Սակայն ստեղծված իրավիճակում նրա թեկնածության վերաբերյալ վերջնական որոշումը պետք է կայացնի կենտրոնական ընտրական հանձնաժողովը։
Ինքը՝ Սարըն, համոզված է, որ ընտրություններին իր մասնակցության համար որևէ արգելք չի կարող լինել, բացի այդ, նա պնդում է, որ պատժի կիրառումն ըստ օրենքը պետք է հետաձգվեր ընտրություններից հետո։ Համայնքապետը նաև մեկնաբանել է, որ դատական վճիռը կայացվել է 2014թ․ մարտի 28-ին Էրդեքում կազմակերպված մի հանրահավաքի ժամանակ վարչապետ Էրդողանի հասցեին իր կողմից սխալմամբ կիրառված մի արտահայտության պատճառով, որը նա «լեզվի սայթաքում» է համարել։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան