«Լույս»-ը մտադիր է գեղասահքի դպրոցի անունը փոխել արտահերթ նիստում
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանն ընթացող նիստում առաջարկեց Ռոդնինայի անվան գեղասահքի դպրոցի անունը փոխել ու անվանել Հայ-ռուսական գեղասահքի դպրոց։ Ասաց՝ բանակցություններն ավարտվել են, նախագիծը պատրաստ է։
«Սա երևանցիների պատվախնդրության ու արժանապտվության հարցն է, կարծում եմ»,-ասաց Անի Խաչատրյանն ու առաջարկեց մյուս երկու խմբակցություններին համահեղինակել։
Ավագանու անդամի խոսքով, դա բխում է Հայաստանի պետական շահերից։ Մտադիր են ավագանու անդամների 1/3-ի ստորագրություն հավաքել ու արտահերթ նիստ հրավիրել առաջիկա երեքշաբթի օրը։
«Իմ քայլը» խմբակցության ղեկավարն ասաց՝ ողջունում են նախագիծը, համահեղինակելու վերաբերյալ հարցը կքննարկեն աշխատանքային կարգով։
Նույն պատասխանը տվեցին Բարգավաճ Հայաստան խմբակցությունից, հիշեցրին, որ դատապարտում են ցանկացած հակահայկական քայլ։
Հիշեցնենք, որ նման նախագիծ խմբակցությունը որոշել է մշակել այն բանից հետո, երբ ռուս գեղասահորդուհին փետրվարի 26-ին Բաքվում մասնակցել էր Խոջալուի «ցեղասպանության» զոհերի հիշատակին, որը հակահայկական ակցիա էր։
Դպրոցի համար Երևանի քաղաքապետարանի կողմից հատկացվել է 1 հեկտար տարածք, ֆինանսավորումն իրականացրել է Մոսկվայի «ՄոնԱրխ» ընկերությանների խմբի գլխավոր տնօրեն, հայազգի գործարար Սերգեյ Համբարձումյանը:
Դպրոցի շինարարության ընդհանուր արժեքը կազմել է մոտ 5 միլիոն ԱՄՆ դոլար: Պատվիրատուն է «Բարեկեցություն» բարեգործական հիմնադրամը, նախագծողները՝ «Արբակ և որդիներ» և «HCT» ՍՊԸ-ները, շինարարությունն իրականացրել է «Մետրոշինվերանորոգում» ԲԲԸ-ն: Գեղասաքի դպրոցի ճարտարապետն է Սամվել Գյուլնազարյանը:
Հարակից հրապարակումներ`
- Իրինա Ռոդնինա. «Տաղանդներ կան, հարկավոր է գտնել նրանց»
- Երևանում կբացվի Իրինա Ռոդնինայի անունը կրող գեղասահքի դպրոց (լուսանկարներ)
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան