Ֆելիքս Ցոլակյանը կոչ է անում քաղաքացիներին՝ անհրաժեշտության դեպքում դիմել ԱԻՆ-ին
Արտակարգ իրավիճակների նախարարությունում ստացվող զանգերի էական մասը կեղծ ահազանգեր են կամ ոչ տեղին։ Այս մասին այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նիստում ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը։
Այդ զանգերը նախարարը որակեց որպես «քմահաճ զանգեր»։
«Դիմում եմ բնակչությանը` այդպիսի բաներ չանեն: Զանգում են, թե էրեխու ձեռքից բանանն ընկել է երրորդ հարկ, եկեք, տվեք, կամ՝ կատուն ծառի վրա է, չորս օր է՝ չեն կարողանում իջեցնել: Ավելի վատ մի օրինակ, որ վերջերս է տեղի ունեցել. մի կին զանգում է փրկարար ծառայությանը, թե ամուսինը քաշով ծանր է, տեղ պետք է գնան, թե եկեք օգնեք, փրկրարաները գնում են, օգնում, այդ տղամարդուն իջեցնում են ներքև, դրանից հետո տիկինն ասում է, թե ժամը վեցին եկեք, որ ամուսնուն հետ՝ տուն բարձրացնեն»,- ներկայացնելով մի քանի դեպքեր՝ ասաց նախարարը և կոչ արեց խիստ անհրաժեշտության դեպքում դիմել ԱԻՆ-ին:
Ի դեպ Ֆելիքս Ցոլակյանը հայտնեց, որ կեղծ զանգերի մեծ մասի հեղինակները երեխաներն են: «Ներողամիտ լինենք երեխաների նկատմամբ»,- արձագանքեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան