Երևանում օրենքից դուրս գործող սգո սրահներ են հայտնաբերել
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչության աշխատակիցները Երևան քաղաքի Բագրատունյաց փողոցի թիվ 69/2 հասցեում հայտնաբերել են առանց համապատասխան թույլտվության քաղաքացիական հոգեհանգստի ծիսակատարությունների ծառայությունների մատուցմամբ զբաղվող սգո սրահ, որը շահագործվել է անհատ ձեռնարկատեր Ա. Խ.-ի կողմից:
Քաղաքապետարանից հայտնում են, որ փաստի առթիվ 08.02.2019թ. Ա. Խ.-ի նկատմամբ ՎԻՎ ՀՀ օրենսգրքի 169.16-րդ հոդվածի 11-րդ մասի հատկանիշներով կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն: Վարչական վարույթի ընթացքում Ա. Խ.-ն ու վերը նշված տարածքի սեփականատեր Ս. Պ.-ն բացատրություն են տվել այն մասին, որ առանց թույլտվության և տեղական տուրքերի վճարման ավելի քան երեք տարի զբաղվել են սգո ծառայությունների մատուցմամբ:
Նկատի ունենալով, որ անհատ ձեռնարկատեր Ա. Խ.-ի կողմից չվճարված տեղական տուրքերի չափը (4.500.000) ՀՀ դրամը գերազանցել է «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով նախատեսված չորսհազարապատիկ չափը, Պետական եկամուտների կոմիտե են ուղարկվել Ա. Խ.-ի վերաբերյալ հարուցված վարչական վարույթի նյութերը, ինչի համար ՊԵԿ-ի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունում Քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով 04.03.2019 թվականին հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչություն:
Մեկ այլ դեպք էլ հայտնաբերվել է, երբ «Թասդ Բեր» ՍՊ ընկերության հիմնադիր Է. Վ.-ն դիմել է քաղաքապետարան՝ տեղեկացնելով, որ 1997 թվականից Երևան քաղաքի Թևոսյան փողոցի թիվ 3/1 հասցեում գործել է ընկերությանը պատկանող «Պառնաս» ռեստորանը:
2015 թվականին ռեստորանի հարևանությամբ բացվել է անհատ ձեռնարկատեր Գ. Մ.-ի կողմից շահագործվող «Մայրամուտ» անվանմամբ քաղաքացիական հոգեհանգստի ծիսակատարության ծառայություններ իրականացնելու սրահը, ինչի հետևանքով խախտվել է «Երևան համայնքի վարչական տարածքում գտնվող քաղաքացիական հոգեհանգստի /հրաժեշտի/ ծիսակատարության ծառայությունների իրականացման և /կամ/ մատուցման համար նախատեսված շենքերին և շինություններին ներկայացվող սահմանափակումները, պահանջները և պայմանները սահմանելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման պահանջները։
Համաձայն Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության փետրվարի 22-ի գրության` Թևոսյան փողոցի 14 հասցեում գտնվող «Մայրամուտ» սգո սրահի և Թևոսյան փողոցի թիվ 3/1 հասցեում գտնվող «Պառնաս» հանդիսությունների սրահի միջև հեռավորությունը կազմում է 9-13 մետր:
Դիմումատու Է. Վ.-ն միաժամանակ հայտնել է, որ իր ունեցած տեղեկությունների համաձայն` «Մայրամուտ» սգո սրահին 2015-2018թթ. ընթացքում թույլտվությունները տրամադրվել են բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից կոռուպցիոն միջամտության և պաշտոնեական դիրքի չարաշահման արդյունքում:
Ըստ աղբյուրի, նկատի ունենալով, որ «Թասդ Բեր» ՍՊ ընկերության հիմնադիր Է. Վ.-ի դիմումի և «Մայրամուտ» սգո սրահին տրամադրված թույլտվությունների, ինչպես նաև հիմք հանդիսացած փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ առերևույթ առկա են ՀՀ քրեկան օրենսգրքի 308-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներ, այսինքն` դիմումի հետագա ընթացքը ենթակա է լուծման ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով, ուստի Է. Վ.-ի դիմումը և ուսումնասիրության արդյունքում ձեռք բերված փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն:
Նշված փաստի առթիվ մարտի 15-ին Քննչական կոմիտեի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան