Բանակը մանկապարտեզ չի, ոչ էլ բողոքի հրապարակ. սոցիոլոգ
Բանակը մանկապարտեզ չի, ոչ էլ բողոքի հրապարակ ու բանակում ցանկացած շեղվող վարքի դրսևորում վտանգավոր է, ինչպես նաև պատժելի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է սոցիոլոգ Վահագն Սարոյանը։
Գրառման մեջ մասնավորապես ասված է.
«Եթե դեռևս շարունակվում են բանակի ու ծառայության վերաբերյալ վտանգավոր ենթամշակույթով պայմանավորված կարծրատիպերը գերիշխել, ապա բանակի սոցիալական ֆունկցիան ըմբռնելու համար անհրաժեշտ է դպրոցից սկսել բացատրել, թե ինչ է այն, ինչ կարևորություն ունի, և ինչ վարքային նորմեր են ենթադրում այնտեղ գտնվելու ժամանակ:
Բանակում զինվորական անձնակազմի վարքային ու ֆունկցիոնալ նորմերը կարգավորվում են կանոնադրական հարաբերությունների համակարգով: Իսկ ոչ կանոնադրական ցանկացած դրսևորում համարվում է շեղվող վարք:
Անգամ ոչ ֆորմալ ձևով գերիշխող մեանիզմները, որոնք համարվում են բանակային ենթամշակույթ, ու որոնց խորացումը վտանգում է ամբողջ անձնակազմի խաղաղ մթնոլորտը, հակասության մեջ է մտնում կանոնադրական նորմերի հետ, ուստի առաջանում է ենթամշակույթի և կանոնադրական նորմերի կոնֆլիկտ, ինչն էլ հանգուցալուծվում է վերջինիս գերակայության պարտադրումով:
Այս դեպքում, պետք է անձնակազմին դաստիարակել մինչև բանակը, բանակում և բանակից հետո: Ինչու բանակից հետո, քանի որ բանակից հետո նախկին զինվորը ինչ-որ առումով համարվում է նաև նոր բանակ գնացողների համար սոցիալիզացիայի ոչ ֆորմալ ագենտ»։