Զինվորները փորձել են 90-ականների բարքերով զորամասում իրենց կարգը դնել և պատժվել են. Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով մամուլի հրապարակմանը, ըստ որի՝ Մեղրիում գնդի ապստամբությունից հետո զինվորներին պատժել են՝ Ղարաբաղ ուղարկելով:
Գրառման մեջ մասնավորապես ասված է.
«ՀՀ ԶՈւ-երում կարգազնացությունները և անհնազանդությունները անթույլատրելի են և պատժվելու են օրենքի ողջ խստությամբ: Նշված դեպքի կապակցությամբ, որը այնքան էլ ճիշտ չի ներկայացվել մամուլում, զորամասի վերադաս հրամանատարության կողմից անցկացվել է համապատասխան ծառայողական քննություն և որոշվել է պատժել ինչպես շարքային զինծառայողների, այնպես էլ հրամանատարական կազմին: Մի քանի սպաներ պաշտոնանկ են արվել:
Զգուշացնում ենք, որ ԶՈւ-երի կարգապահության ու մարտունակության նկատմամբ ցանկացած ոտնձգություն իրականացնող զինծառայող, հետայսու էլ խստագույն պատժվելու է: Նման երևույթներն անթույլատրելի են:
Հ.Գ. Ելույթ ունեցող ծնողի որդին, որպես զինծառայող մշտապես օգտվելով իր իրավունքներից, որպես միակողմանի ծնողազուրկ, ողջ ծառայության ընթացքում իրեն դրսևորել է որպես կարգազանց զինծառայող»։
Մեկնաբանություններում Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ մի քանի կարգազանց զինվորներ փորձել են 90-ականների բարքերով զորամասում իրենց կարգը դնել, հատուկ պայմաններով առաջնորդվել, առանձին շորերով ծառայել, առանձին սննդակարգով ապրել։ «Երբ սպաները դա թույլ չեն տվել, այդ զինծառայողները փորձել են ներքաշել այլ զինվորների, որոնց հանել են ըմբոստության»,- գրել է ՊՆ մամուլի խոսնակը։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին