Յուրաքանչյուր քաղաքացի առավել ոգևորությամբ և սրտացավությամբ պետք է մոտենա համապետական շաբաթօրյակին
Հանրապետության ամբողջ տարածքում մեկնարկել են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից նախաձեռնված համապետական մաքրության օրվա ակտիվ միջոցառումները:
Նախարարությունից հայտնում են, որ շաբաթօրյակի աշխատանքներին իրենց մասնակցությունն են ցուցաբերում գործադիր իշխանության համապետական և տարածքային կառույցները, մարզպետարանները, համայնքապետարանները, հանրային և կրթական հաստատությունները, մասնավոր ընկերությունները, մասնագիտացված հասարակական կազմակերպությունները, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն ու քաղաքացիները։ Աշխատանքների կազմակերպման նպատակով ներգրավվել են ինքնաթափեր, բարձիչներ, էքսկավատորներ, կցասայլեր։
Ըստ հաղորդագրության՝ սանիտարական մաքրման, բարեկարգման և կանաչապատման աշխատանքներ են նախատեսվում միջպետական և միջհամայնքային ճանապարհների եզրերին ու հարակից տարածքներում, զբոսաշրջային գրավչություն ներկայացնող հատվածներում, պատմամշակութային հուշարձանների հարակից, հատուկ պահպանվող տարածքներում, կանաչ գոտիներում, պուրակներում, զբոսայգիներում, սննդի և այլ ծառայություններ մատուցող ճանապարհամերձ օբյեկտներին հարող տարածքներում։ Համապետական շաբաթօրյակի արդյունավետության և աշխատանքների համակարգվածության ապահովման նպատակով ՀՀ բոլոր մարզերն, իրենց առանձնահատկությունից ելնելով, մշակել են շաբաթօրյակի իրականացման գործողությունների պլան` շաբաթօրյակի քարտեզներն ըստ համայնքների, մաքրման և բարեկարգման աշխատանքների սխեմաները, աղբակույտերի փակման կամ կոնսերվացման կազմակերպչական գործողությունները, որոնց հնարավոր կլինի ծանոթանալ մարզպետարանների պաշտոնական կայքերում:
««Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագիրը իր բնապահպանական և դաստիարակչական նշանակությամբ նպատակ ունի բնակչության շրջանում քարոզել շրջակա միջավայրի նկատմամբ միասնական պատասխանատվության և հոգատարության զգացողություն ու վարքագիծ։ ՀՀ ՏԿԶ նախարարությունը հորդորում և խնդրում է, որպեսզի ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի առավել ոգևորությամբ և սրտացավությամբ մոտենա համապետական շաբաթօրյակին՝ հիանալի առիթ ունենալով բնապահպանական վարքագիծը դարձնել իր առօրյայի անբաժանելի մասնիկը»,- նշված է հաղորդագրության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Համապետական շաբաթօրյակ է
- Հայկ Մարության. Ես իմ ընտանիքով մասնակցելու եմ շաբաթօրյակին
- Շաբաթօրյակ՝ ինքնակազմակերպման տրամաբանության մեջ