«Հրապարակ». Հանրային հեռուստախորհրդի նախագահի մրցույթում մրցակցության սկզբունքը խախտվում է
«Թեկնածուների ցանկին ծանոթանալով՝ ակնհայտ Է, որ նրանց մի մասը պարզապես շփոթում է հեռուստառադիոընկերության խորհրդի եւ Հանրային հեռուստաընկերության ղեկավարի պաշտոնները: Նրանք հարցազրույցների ժամանակ պատմելու են իրենց պատկերացրած ռադիոյի եւ հեռուստատեսության մասին՝ մոռանալով, որ խորհուրդը կառավարման յուրահատուկ մարմին է, որի ղեկավարը 2 տնօրենների հետ համատեղ ու նրանց հետ հավասար պետք է աշխատի՝ ոչ թե ուղղակի, այլ միջնորդավորված ձեւով ազդելով Եթերի բովանդակության, ծրագրերի վրա՝ ընդունելով կամ չընդունելով դրանք: Մեզանում խորհրդի նախագահը պոլիտբյուրոյի ղեկավար է եղել, նա է որոշել ծրագրերը, թե ինչ սերիալ պետք է նկարվի, ով պետք է կատարի գլխավոր դերը, որ ծրագիրը պետք է մտնի, ինչ ցանց պետք է կազմվի, ինչ գումարներ եւ ինչի համար պետք է հատկացվեն, իսկ մյուսները եղել են կողմ քվեարկողներ, նրա ենթակաները. արատավոր մոդել, որը պետք է փոխվի: Թեկնածուների թվում կան զարմանալի անուններ՝ 80-ականների վերջից «Մայրաքաղաք» ծրագրից հայտնի լրագրող Տիգրան Ռշտունին, որը վերջին տարիներին ֆիզիկապես առողջ չէ, դժվարությամբ է քայլում ու տեսողական խնդիրներ ունի: Անսպասելի է Հովհաննես Թովմասյանի թեկնածությունը: Նա «Արմենիա» հեռուստաընկերության կոմերցիոն տնօրեններից է եղել, աշխատել է «Զինուժ» ծրագրում: Կան ռեժիսորներ՝ Արա Շիրինյան, Նունե էլմասյան, սցենարիստ Հարություն Բերբերյան, որոնք հեռուստատեսության մասնագետներ են, բայց հազիվ թե ունենան կառավարչական հմտություններ: Մասնակիցներից երեբը՝ հաղորդավար, մեկնաբան Վարդգես Ավետիսյանը, լեզվի պետական տեսչության նախկին պետ, մոտ 70 տարեկան Լավրենտի Միրզոյանը, ազատամարտիկ Թաթուլ Կրպեյանի կինը՝ Իրինա Բարսեղյանը որոշել են անպայման եթերին առնչվող պաշտոն ստանալ: Նրանք եւ Ռադիոյի տնօրենի թեկնածուների ցանկում են, եւ Ռուբեն Ջաղինյանի տեղն են երազում զբաղեցնել»,-գրել է Հրապարակը:
Սյուզան Սիմոնյան
Ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթում։