Վճռաբեկ դատարանին ինչ-որ բան հասկացնելու ամենապարզ ճանապարհը Եվրոպական դատարանն է. Հայկ Ալումյան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Հայկ Ալումյանն անհիմն է որակում դատարանի այն պնդումը, թե Ռոբերտ Քոչարյանը՝ մնալով ազատության մեջ, կարող է խոչընդոտել գործի ընթացքին։
«Պարոն Քոչարյանի ամբողջ տեղաշարժը տեղի է ունենում ԱԱԾ աշխատողների անմիջական մասնակցությամբ։ Նրա բոլոր հանդիպումները նախապես համաձայնեցվում են նրա անվտանգության աշխատակիցների հետ, որոնք բոլորն ԱԱԾ-ի սպաներ են, և հնարավոր չէ՝ նա ունենա որևէ հանդիպում, որի մասին մեր իշխանությունները չիմանան»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայկ Ալումյանը՝ հավելելով, որ ՀՀ երկրորդ նախագահը և նրա նման պահպանվող անձինքն շատ ավելի քիչ հնարավորություն ունեն նախաքննությանը խոչընդոտելու։
Անդրադառնալով արդեն կայացված դատական ակտին` փաստաբանը նշեց, որ այն ոչ մի ձևով պատճառաբանված չէ: Նրա խոսքով՝ դատարանը ոչ մի կերպ չի անդրադարձել պաշտպանական կողմի որևիցե փաստարկի, չնայած նրան, որ մի ամբողջ օր պաշտպանները փաստարկներ են ներկայացրել: Ըստ նրա՝ միայն ինքը 5 ժամ ներկայացրել է փաստարկներ, բայց իր փաստարկների վերաբեյալ առաջին ատյանի որոշման մեջ գրված է ընդամենը 3 տող։ «Չկա ոչ մի խոսք պաշտպանական կողմի մասին կամ` թե ինչու համաձայն չէ»,- ընդգծեց Հայկ Ալումյանը։
Նա նաև նշեց, որ Եվրոպական դատարան են ներկայացրել հինգերորդ գանգատը՝ կապված Վճռաբեկ դատարանի հետ, որն անհապաղ չի քննում Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հարցը։
«Մենք բողոք ենք ներկայացրել Վճռաբեկ դատարան դեռևս դեկտեմբերի 25-ին և մինչև հիմա դատարանը ոչ միայն չի քննել գործը, չնայած, որ արդեն պետք է քննությունն ավարտած լիներ և իր գնահատականները տված լիներ անհապաղ, իսկ մեր Վճռաբեկ դատարանը մինչև հիմա անգամ վարույթ ընդունելու հարցը չի որոշել»,- ասաց նա՝ հավելելով, որ Վճռաբեկ դատարանին ինչ-որ բան հասկացնելու ամենապարզ ճանապարհը Եվրոպական դատարանն է: