Համապետական շաբաթօրյակ է
Այսօր Հայաստանի ողջ տարածքում, 10 մարզերում, շուրջ 500 համայնքներում և մայրաքաղաք Երևանում անցկացվում է այս տարվա առաջին շաբաթօրյակը։
Օրեր առաջ կայացած ասուլիսում տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը հայտնել էր, որ շաբաթօրյակին 125-150 հազար քաղաքացու մասնակցություն են ակնկալում։ Նաև հայտնել էր, որ այդ օրը կաշխատի շուրջ 1700 միավոր տեխնիկա, կփակվեն 6 աղբանոց և շուրջ 447 աղբակույտ։
Շաբաթօրյակին մասնակցում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, պատգամավորներն ու աշխատակազմը շաբաթօրյակն անցկացնում են Վարդան Մամիկոնյանի հուշարձանի տարածքի զբոսայգում։ Նրանք մաքրում են տարածքն աղբից, նաև ծառեր են տնկում։
Նիկոլ Փաշինյանը լրագրողներին ասաց, որ այստեղ տեղի է ունենալու հանդիսավոր միջոցառում՝ Սոս Սարգսյանի Համազգային թատրոնի հիմնարկեքի արարողությունը։
«Ինչքան բուն միջոցառման հատվածին մոտեցա, այնքան տեսա, որ շրջապատում, կողքերն աղբ են։ Մտածեցի, որ այդ պայմաններում չի կարելի հանդիսավոր միջոցառում անել, դա կլինի անհարգալից վերաբերմունք առաջին հերթին Սոս Սարգսյանի հանդեպ։ Հեռանում էի, որ գնայի Կոտայքի մարզ մասնակցելու շաբաթօրյակին, կազմակերպիչներին ասելով, որ կմաքրեք, հետո միջոցառումը կանեք, հետո մտածեցի՝ ես ինքս կարող եմ այդ գործն անել»,- նշեց նա։
Հարցին, թե ինչպե՞ս եք գնահատում «Սանիթեքի» աշխատանքը, վարչապետն ասաց. «Վատ եմ գնահատում։ Ենթադրենք՝ այս պահին ասացինք՝ «Սանիթեք», այլևս չես աշխատում, որովհետև վատ ես աշխատում, դրանից աղբը քչանալո՞ւ է, թե շատանալու։ Իհարկե, շատանալու է, որովհետև չկա երկրորդ օպերատորը։ Ամեն մենաշնորհ վատ է»։
Նա նշեց, որ մի օրում չեն կարող ներգրավել նոր օպերատոր, պետք է գոնե մի վեց ամիս տևի, որպեսզի հասկանան, թե ում են ներգրավում։
Հարակից հրապարակումներ`
- Հայկ Մարության. Ես իմ ընտանիքով մասնակցելու եմ շաբաթօրյակին
- Շաբաթօրյակ՝ ինքնակազմակերպման տրամաբանության մեջ