«Դեպքերը զարգացել են այնպես, որ երբեմնի հզոր Հայաստանից մնացել է մի փոքրիկ մասնիկ»
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանն ընդունել է «Իտալիայի ճարտարապետների, նախագծողների, լանդշաֆտային ճարտարապետների և վերականգնողների ազգային խորհրդի» ներկայացուցիչ, ճարտարապետ Լիվիո Սակկին, որը Հայաստանում մասնակցում է այս օրերին՝ Իտալական դիզայնի օրվա շրջանակում անցկացվող միջոցառումներին: Դրանց շրջանակներում Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում անցկացվել էին «Խելացի քաղաք» խորագրով դասախոսություններ: Այս մասին հայտնում են Քաղաքաշինության կոմիտեից։
Լիվիո Սակկին բարձր գնահատելով միջոցառումների կազմակերպվածությունը, նշել է, որ դրանք առավել սերտ են ընդգծել Հայաստանի և Իտալիայի համապատասխան ոլորտների, ինչպես նաև ճարտարապետական դպրոցների միջև առկա համագործակցությունը: Նա պատմել է Իտալիայի ճարտարապետական տարբեր կառույցների և իրենց կառավարության միջև հաստատված կապերի մասին՝ տեղեկություններ հաղորդելով մասնագիտական հանրության այսօրվա անելիքներից և խնդրիներից:
«Դեպքերը զարգացել են այնպես, որ երբեմնի հզոր Հայաստանից մնացել է մի փոքրիկ մասնիկ, սակայն մեր տարածաշրջանում գտնվող պետությունները ողողված են հայկական ճարտարապետական հուշարձաններով: Դրանք մեր քաղաքակրթության քարե վկաներն են: Բազմաթիվ հուշարձաններ, հնամենի պատմություն ունեցող քաղաքներ գտնվում են նաև մեր պետության տարածքում»,- ասել է Վահագն Վերմիշյանը, նշելով, որ դրանք պահպանելու, համայնքները զարգացնելու հարցում՝ տեխնոլոգիաների և փորձառության մասով օգնության կարիք կա:
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը խոսել է մեր երկրի տարածքային համամասնական զարգացման կարևորության մասին: Իտալացի գործընկերը համաձայնել է՝ տարածքային զարգացման ու կյանքի որակի տարբերությունները հանրապետության տարածաշրջաններում ակնհայտ են և դրանք պետք է մեղմել:
Բազմաթիվ անելիքներ կան նաև խոշոր քաղաքներում՝ Լիվիո Սակկին նշել է, որ Իտալիայում ևս ժամանակին շատ սխալներ են արվել, քաղաքների պատմական կենտրոնները պահպանվել, սակայն արվարձաններն անտեսվել են: Իրենք սովորել են սեփական սխալների վրա:
Ուշագրավ առաջարկ է արել Վահագն Վերմիշյանը՝ իտալացի մասնագետները կարող են որոշակի ժամանակահատված ապրել հին պատմություն ունեցող հայկական համայնքներում, ուսումնասիրել մշակույթը, առանձնահատկությունները և ներկայացնել տվյալ համայնքի զարգացման իրենց պատկերացումները:
«Հայաստանի սիրտը բաց է, ովքեր լավ գաղափարներով կգան, նրանք տեղ կգտնեն այնտեղ»,- ասել է Վահագն Վերմիշյանը:
Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են մշտական կապ պահպանել՝ համագործակցության հետագա քայլերը որոշելու նպատակով:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան