Գյուլբուդաղյանց. Կփորձենք քիչ սխալվել և մեր շանսերն օգտագործել
Մարտի 22-ին Սարաևոյի «Գրբավիցա» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում կայացել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի և ազգային ընտրանու կիսապաշտպան Սարգիս Ադամյանի նախախաղային մամուլի ասուլիսը։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքից։
Հարցին, թե ինչպե՞ս եք պատրաստվել հանդիպմանը և ի՞նչն է լինելու Հայաստան-Բոսնիա և Հերցեգովինա խաղում հաջողության հասնելու հիմնական գրավականը, Ա. Գյուլբուդաղյանցը պատասխանել է. «Մենք կփորձենք միասնական լինել դաշտում, կփորձենք թիմային խաղ ցուցադրել՝ մեծ ցանկությամբ և նվիրվածությամբ, կփորձենք քիչ սխալվել և մեր շանսերն օգտագործել:
Հիմա այնպիսի ժամանակներ են, որ ֆավորիտ բառը քիչ է օգտագործվում, բայց, բնական է, վաղվա խաղում Բոսնիա և Հերցեգովինան է ֆավորիտը, քանի որ խաղում է սեփական հարկի տակ՝ երկրպագուների աջակցությամբ: Այդուհանդերձ, ժամանակակից ֆուտբոլում հաղթում է այն թիմը, որը ոչ միայն հարձակվում է, այլ քիչ է սխալվում և կարողանում է շանսերն օգտագործել։ ֆավորիտները ոչ միշտ են հաղթում»:
Հարցին, թե ի՞նչ մթնոլորտ է թիմում, արդյո՞ք ունենք վնասվածքով ֆուտբոլիստներ և ի՞նչ վիճակում է Արսեն Բեգլարյանը, մարզիչն ասել է. «Թիմում լավ մթնոլորտ է, տղաները մեծ ցանկությամբ են մարզվում: Արսեն Բեգլարյանը, ցավոք, վերջին մարզմանը վնասվածք ստացավ և հենց այդ պատճառով չուզեցինք ռիսկի դիմել: Եթե Արսեն Բեգլարյանը հասցնի ապաքինվել մինչև մեր վերադառնալը, կրկին կլինի հայտացուցակում»:
Պատասխանելով հարցին՝ եթե Յուրա Մովսիսյանը պատրաստ չէր խաղին, ի՞նչն էր պատճառը, որ նա թիմի հետ ժամանել է Սարաևո, Ա. Գյուլբուդաղյանցը պատասխանել է. « Յուրա Մովսիսյանի դերը թիմում շատ կարևոր է: Մենք անընդհատ նշում ենք, որ հավաքականը մեկ ընտանիք է: Ես շատ ուրախ եմ, որ Յուրան թիմի հետ է: Բացի այդ, ես հույս ունեմ, որ Յուրան մեկ-երկու ամսից կրկին թիմ կունենա և կսկսի հրավիրվել հավաքական»:
Սարգիս Ադամյանը խաղի հետ կապված սպասելիքների մասին հարցին ի պատասպաննել ասել է. «Մենք պետք է համարձակ ֆուտբոլ խաղանք, առանց սխալների և փորձենք արդյունքի հասնել»:
Նշենք, որ այսօր կկայանա Եվրո-2020-ի ընտրական փուլի J խմբի առաջին տուրի Բոսնիա և Հերցեգովինա-Հայաստան հանդիպումը: Հավաքականի կազմում Բոսնիա և Հերցեգովինա են մեկնել 25 ֆուտբոլիստներ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան