Այրվածքներով հոսպիտալացված երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է, նրա կողքին են հարազատները
Մարտի 23-ին Մասիս քաղաքից այրվածքներով հոսպիտալացված 12-ամյա աղջկա վիճակը ծայրահեղ ծանր է։ Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Հովհաննես Ասլանյանը։
Նա նշեց, որ երեխան հիվանդանոց է ընդունվել մոր ուղեկցությամբ։
«Բոլոր հարազատները գիշեր-ցերեկ այստեղ են։ Նորմալ մարդիկ են»,- ասաց նա և «ֆեյք ինֆորմացիա» որակեց տարբեր լրատվամիջոցներով շրջանառվող լուրերը, թե երեխային որևէ հարազատ չի այցելել։
Նշենք՝ մարտի 23-ին, ժամը 22:04-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի կայարանի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մասիս կայարանի Գործարանային փողոցի թիվ 16/1 տան մոտակայքում:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, քաղաքացիների ուժերով ավտոմեքենայից դուրս է բերվել Ն.Մ.-ն (ծնված 2007թ.), ով այրվածքներով տեղափոխվել է Մասիսի ԲԿ, այնուհետև՝ Երևան քաղաքի «Ճառագայթային բժշկության և այրվածքաբանական գիտական կենտրոն»: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:21-ին, մարվել` 22:34-ին: Ամբողջությամբ այրվել է «RAF» մակնիշի ավտոմեքենան: