Եթե ապացուցվի, որ Նարեկ Սարգսյանն ինձ զանգահարել է, ես պատրաստ եմ հրաժարական տալ. Օսիպյան
ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը գործադիրի նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ politik.am կայքի խմբագիր Բորիս Մուրազիի այն հայտարարությանը, թե ոստիկանապետը սպառնացել է իրեն:
«Այդ մասին ոստիկանությունը հաղորդում է տարածել, ես ինքս հրավիրել եմ իրեն, զրուցել եմ հետը, ինքը կարծեմ իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ ոստիկանապետից որևէ սպառնալիք չի ստացել: Ամեն դեպքում ես այդպես եմ հասկացել»,- ասաց Օսիպյանը:
Ըստ ոստիկանապետի՝ խնդիրը ֆեյսբուքյան հրապարակման մեկնաբանություններն են եղել. «Խնդիրն այն էր, որ ֆեյսբուքյան շատ օգտատերեր Բորիս Մուրազիի հոդվածի տակ մեկնաբանություններ էին գրում, բայց, անկեղծ ասած, այդ մեկնաբանությունների մեջ էլ չկային սպառնալիքներ։ Ամեն դեպքում, ես հանձնարարել եմ ճշտումներ անել»։
Հարցին՝ ինչո՞ւ է զանգահարել նրան, եթե դրա համար կա մամուլի ծառայություն, Վալերի Օսիպյանը նշեց, որ շատ լրագրողներ են իրեն զանգում, ինքն էլ լրագրողների է զանգում և դրանում որևէ խնդիր չկա:
«Միգուցե դուք էլ ինչ-որ հոդված տեղադրեք, ես ձեզ զանգահարեմ, ասեմ, որ իրականությանը չի համապատասխանում, ինչո՞ւ եք հրապարակել: Ես ընդամենը հարցրել եմ՝ որևէ սպառնալիք չի եղել: Հարգելի լրագրողներ, ձեր մասնագիտությունը շատ կարևոր է, դուք առանցքային դերակատարում եք ունենում։ Ես ինքս շատ եմ գնահատում ձեզ՝ որպես լրագրող, և դուք մեզ՝ ոստիկաններիս, շատ եք օգնում։ Բայց ես խնդրում եմ՝ չճշտված տեղեկություններ, չճշտված աղբյուրից չտարածվի, քանի որ նմանատիպ տեղեկությունները խանգարում են ոստիկանությանը»,- ասաց Վալերիյ Օսիպյանը։
Ոստիկանապետը հիշեցրեց, որ Բորիս Մուրազին հոդված էր հրապակել, որտեղ նշվում է, թե ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդին` Նարեկ Սարգսյանը, զանգահարել է ոստիկանապետին: Սակայն Վալերիյ Օսիպյանը վստահեցրեց, որ Նարեկ Սարգսյանն իրեն չի զանգահարել: «Ես պաշտոնապես հայտարարում եմ` Նարեկ Սարգսյանը, կամ որևէ մեկն ինձ չի զանգել, եթե դա ապացուցվի, ես պատրաստ եմ հրաժարվել իմ պաշտոնից»: