Հունվար-փետրվարին տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 6.5%-ով
ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2019 թվականի հունվար-փետրվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 6.5%-ով։ Միաժամանակ, փետրվար ամսվա ՏԱՑ-ը հունվարի նկատմամբ կազմել է 9.3%, իսկ նախորդ տարվա նույն ամսվա՝ փետրվարի համեմատ՝ 7.6%:
Վիճակագրության համաձայն՝ առավելագույն աճը նշված ժամանակահատվածում գրանցվել է շինարարության ոլորտում: Մասնավորապես, շինարարության ծավալն այս տարվա հունվար-փետրվարին աճել է 21.6%-ով, նախորդ ամսվա համեմատ՝ 29%-ով, իսկ 2018թ-ի փետրվարի համեմատ՝ 21.3%-ով:
Արդյունաբերության ոլորտում այս տարվա երկու ամիսներին գրանցվել է 1.9%-ի աճ, ծառայությունների ծավալն էլ (առանց առևտրի) աճել է 17.5 տոկոսով:
Ինչ վերաբերում է առևտրաշրջանառության ծավալներին, ապա այս տարվա երկու ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 13.1%-ով:
Սպառողական գները ևս նախորդ տարվա հունվար-փետրվարի համեմատ աճել են 1.3%-ով:
Վիճակագրական կոմիտեի փոխանցմամբ՝ արտաքին առևտրաշրջանառությունը հունվար-փետրվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 7.7 տոկոսով: Ընդ որում` նվազում է նկատվել ինչպես արտահանման, այնպես էլ ներմուծման ծավալներում: Արտահանումը նվազել է 11.6 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 5.6 տոկոսով:
Հրապարակած տվյալների համաձայն՝ հունվար-փետրվարին հանրապետական միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 4.9 %-ով, իսկ տարեկան կտրվածքով` 2.3%-ով: