Եվրոպան քննարկում է Չինաստանի հետ տնտեսական կապերի հեռանկարները
Չինաստանի նախագահ Սի Ցզինպինն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախօրեին հանդիպել են ֆրանսիական Բոլիո-սյուղ-Մեր քաղաքում, ուր Սի Ցզինպինը ժամանել էր Մոնակոյից:
Այսօր արդեն երկու երկրների ղեկավարները, ակնկալվում է, որ կստորագրեն մի շարք կարևոր տնտեսական պայմանագրեր, այնուհետ կմեկնեն Փարիզ, որտեղ կհանդիպեն Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի հետ:
Մարտի 23-ին էլ Իտալիան ու Չինաստանը համագործակցության մասին հուշագիր ստորագրեցին՝ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծի վերաբերյալ: Այս առիթով Հռոմում կայացել էր հանդիսավոր արարողություն` Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեի և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի ներկայությամբ: Իտալիան դառնում է «Մեծ յոթնյակի» առաջին երկիրը, որը կներառվի գլոբալ տրանսպորտային ենթակառուցվածքներում, որի ստեղծման մասին վեց տարի առաջ հայտարարել էր Չինաստանի առաջնորդը:
ԵՄ-ն Չինաստանի խոշորագույն առևտրային գործընկերն է, սակայն ԵՄ-ում շատերը մտահոգություն են հայտնում չինական ընկերությունների կողմից անարդարացի մրցակցության վերաբերյալ, որոնք ֆինանսական օժանդակություն են ստանում կառավարությունից: Չինաստանի հետ առևտրային հարաբերությունները, Բրեքսիթի հետ միասին, դարձել էր Բրյուսելում ուրբաթ կայացած ԵՄ գագաթնաժողովի հիմնական թեման: