«Քլիներս»-ն արձագանքում է ԱԺ մաքրուհիների բողոքին
«Քլիներս» ՍՊԸ-ն տարածել է հայտարարություն Ազգային Ժողովի սանմաքրման աշխատանքների վերաբերյալ։ Հիշեցնենք, որ ԱԺ շենքը մաքրող աշխատակիցները բողոքի ակցիա էին անցկացրել խորհրդարանում՝ լրագրողներին դժգոհելով, որ իրենց աշխատավարձը նվազեցրել են և սահմանել 40 հազար դրամ։
Ընկերության տարածած հայտարարության մեջ ասված է.
«Հաշվի առնելով վերջին օրերին Ազգային Ժողովի աշխատակազմի մաքրուհիների բողոքները և դրանց շուրջ ձևավորված հանրային հնչեղությունը՝ անհրաժեշտ ենք համարում հանդես գալ պարզաբանումներով.
«Քլիներս» ՍՊ ընկերությունը 2018 թվականի սեպտեմբերին մասնակցել և հաղթող է ճանաչվել ՀՀ ԱԺ աշխատակազմի կողմից հայտարարած ԱԺ վարչական շենքի սանմաքրման մրցույթում, առաջարկելով 7 մասնակիցների թվում ամենացածր գինը:
«Քլիներս» ՍՊԸ հիմնադրվել է 2014 թվականին և հանդիսանում է տվյալ ոլորտի մասնագիտացված ընկերություն, պատվիրատուների լայն ցանկով (ինչպես պետական, այնպես էլ մասնավոր կազմակերպությունների):
Միաժամանակ հարկ ենք համարում հայտնել, որ ընկերությունն իր գործունեության մեջ կաշկանդված չէ որևիցե կապերով թե նախկին, թե ներկայիս իշխանությունների ներկայացուցիչների հետ: Առավել ևս, պաշտոնապես հայտարարում ենք, որ «Քլիներս» ՍՊԸ պայմանագրային պարտավորություններից դուրս որևիցե պարտավորություն չի ստանձնել ԱԺ ղեկավարության թե նախկին, թե ներկայիս վարչակազմի ներկայացուցիչների հետ:
Ընկերության ԱԺ աշխատակազմի հետ կնքված պայմանագրով, ընկերությունը պարտավորվում է ապահովել ԱԺ շենքի սանմաքրման աշխատանքները առնվազն 60 աշխատակցով 105 հազար դրամ դրույքաչափով: Քանի որ աշխատանքի տևողությունը կազմում է 2 ժամ, ապա ընկերությունը որոշել է, համապատասխան դրույքաչափի հաշվարկով, վարձատրել մաքրուհիներին կես դրույքաչափ: Այլ պարտավորություն (պաշտոնական կամ ոչ պաշտոնական) ընկերությունը չի ստանձնել և առաջնորդվում է բացառապես կողմերի միջև կնքված պայմանագրով: Այս թեմայով տարբեր շահարկումները համարում ենք ուղղորդված և կողմնակալ՝ միտված ընկերության բնականոն աշխատանքը խաթարելուն:
Ընկերությունը նաև հայտնում է, որ իր աշխատանքը խոչընդոտելու, կողմերի պայմանագրային պարտավորությունները չկատարելու դեպքում կդիմի խնդրի դատական կարգով լուծմանը»։
Հարակից հրապարակումներ`
- ԱԺ մաքրուհիների խնդրի մասին խոսում են ԱԺ ներկա ու նախկին աշխատակազմերը
- Ալեն Սիմոնյանը՝ ԱԺ հավաքարարներին. Ես էլ եմ ուզում սաղ կյանքս ըստեղ աշխատեմ
- ԱԺ-ում մաքրուհիները բողոքում են՝ աշխատավարձը կրճատում են