Աշխարհի Գավաթում 3 մեդալը մեծ նվաճում է. Հակոբ Սերոբյան
Հայ մարմնամարզիկները Դոհայից վերադարձել են Հայաստան, որտեղ մասնակցում էին Աշխարհի Գավաթի խաղարկությանը:
ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանն ամփոփել է մարզիկների ելույթները.
«4 մասնակցով էինք մեկնել Դոհա: Բոլորն էլ անցան եզրափակիչ. դա 100 տոկոսանոց արդյունք է:
Շատ գոհ եմ տղաների ելույթներից: 3 մեդալը մեծ նվաճում է:
Հատկապես ուրախացրեց և զարմացրեց Արթուր Դավթյանը: Նա մրցումային առաջին օրը ձգել էր ոտքը և վերջինիս մասնակցությունը հարցականի տակ էր: Եզրափակիչի օրը խնդրեց, որպեսզի մասնակցի՝ հավատացնելով, որ իրեն լավ է զգում: Ինքներդ էլ տեսաք՝ ոչ միայն մասնակցեց, այլև՝ բրոնզե մեդալակիր դարձավ»:
Ծրագրերի մասին խոսելիս Սերոբյանը նշել է, որ մինչև Եվրոպայի առաջնությունը մեկ հավաք էլ կանցկացնեն.
«Ապրիլի 28-ին մեկնում ենք Թբիլիսի, որտեղ 10-օրյա հավաք կանցկացնենք և կմեկնենք Լեհաստան՝ մասնակցելու Եվրոպայի առաջնությանը, որը վարկանիշային է Մինսկում կայանալիք Եվրոպական խաղերի համար»:
Եվրոպայի առաջնությանը Հայաստանը կներկայացնեն Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, Արթուր Թովմասյանը, Հարություն Մերդինյանը, Արթուր Ավետիսյանը և Վիգեն Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ Դոհայում ավարտված մարմնամարզության Աշխարհի Գավաթի խաղարկությունում մեր մարմնամարզիկները նվաճել էին 3 մեդալ: Բրոնզե մեդալակիրներ էին դարձել Արթուր Դավթյանը (հենացատկ) և Վահագն Դավթյանը (օղակներ), իսկ Արթուր Թովմասյանը նվաճել էր արծաթե մեդալ (օղակներ): Նժույգթափերում Հարություն Մերդինյանը 5-րդ տեղն էր զբաղեցրել:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա