Արմեն Գյուլբուդաղյանց. Անելու ենք ամեն ինչ, որպեսզի լավ արդյունք գրանցենք
Այսօր Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ԵՎՐՈ 2020-ի որակավորման փուլի Հայաստան – Ֆինլանդիա ընտրական խաղից առաջ տեղի է ունեցել Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի նախախաղային մամուլի ասուլիսը։
«Ֆինլանդիայի հավաքականն առաջվա պես երկար փոխանցումներով խաղացող թիմը չէ։ Նրանք շատ են առաջադիմել, լավ ֆուտբոլ են խաղում։ Ազգերի Լիգայում նրանք իրենց խմբում գրավեցին առաջին տեղը։ Շատ մեծ չէ նրանց և մյուս թիմերի՝ Բոսնիայի, Հունաստանի հավաքականների տարբերությունը։ Խոսքը թիմերի մակարդակների մասին է, ոչ թե խաղաոճի»,- Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հաղորդմամբ՝ ասել է մարզիչը։
Նա ասել է, որ Յուրա Մովսիսյանը վաղվա խաղը նույնպես բաց է թողնելու։
Հարցին, թե Վարազդատ Հարոյանը նախորդ խաղից առաջ առողջական խնդիրներ ուներ, ինչպե՞ս է նրա վիճակը, Արմեն Գյուլբուդաղյանցն ասել է. «Վարազդատ Հարոյանին փոքրուց եմ ճանաչում, նա մարտիկի բնավորություն ունի։ Այո, նա ջերմություն ուներ, չնայած խաղից առաջ իրեն արդեն լավ էր զգում։ Ի վերջո բոլորդ էլ տեսաք, թե ինչպես խաղաց, կարողացավ ամբողջությամբ վնասազերծել Ջեկոյին»։
Առաջիկա հինգ խաղերից չորսը տնային են լինելու, քանի՞ միավոր է պետք հավաքել այդ խաղերում, որպեսզի կարողանանք պայքարել ԵՎՐՈ 2020-ի եզրափակիչ փուլ դուրս գալու համար հարցին ի պատասխան Հայաստանի հավաքականի մարզիչն ասել է. «Մենք յուրաքանչյուր խաղից առաջ կենտրոնանում ենք միայն այդ խաղի վրա։ Հիմա կենտրոնացել ենք Ֆինլանդիայի հետ խաղի վրա և անելու ենք ամեն ինչ, որպեսզի լավ արդյունք գրանցենք»։
Մարտի 26-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, կկայանա Եվրո-2020-ի ընտրական փուլի Հայաստան-Ֆինլանդիա հանդիպումը:
Հարակից հրապարակումներ`
- Ցավալի պարտություն, որը պետք չէ անտեսել. Կառլեն Մկրտչյան
- Գյուլբուդաղյանց. Կփորձենք քիչ սխալվել և մեր շանսերն օգտագործել