Բանանի շուկայում գների որոշակի բարձրացումը չի նշանակում, որ մենաշնորհային իրավիճակ է խորանում. նախարար
«2019-ին կարող է լինել գնաճ` oրենքով սահմանված թույլատրելի միջակայքում՝ 4 տոկոսը չգերազանցող: Արտառոց որևէ բան չի սպասվում»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը:
Լրագրողների հարցին, թե ո՞ր ապրանքները կթանկանան, նախարարը նշեց, որ դա չի կարող ինքն ասել, քանի որ դա կախված է շուկայի և ապրանքների նկատմամբ պահանջարկի գնահատականներից:
Ինչ վերաբերում է բանանի գնի աճին՝ նախարարն ասաց. «Ասում են՝ բանանի գնի աճը սեզոնայնությամբ է պայմանավորված, և ամռանն է նկատվում ամենացածր գինը: Այսինքն, այն որ ներկա պահին շուկայում կա որոշակի գների բարձրացում, դա չի նշանակում, որ մենաշնորհային իրավիճակ է խորանում: Ընդհակառակը, շուկան շարունակում է ազատականացվել, ուղղակի միջազգային գների տատանումներն ազդում են նաև Հայաստանի շուկայի վրա»,-ասաց նախարարը: