Կենսաթոշակների մասին նախագիծն անհրաժեշտ, բայց ոչ բավարար փոփոխություն է. Արտակ Մանուկյան
««Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծն անհրաժեշտ, բայց ոչ բավարար փոփոխություն է»,- այս մասին այսօր ԱԺ նիստի ընթացքում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանում համախառն ներքին արդյունքի աճին զուգընթաց՝ ստորին աղքատների համար սոցիալական պատկերը գրեթե չի փոխվել։
«Հայաստանում աղքատության պատկերն իմանալու համար օգտվել եմ 2008-2017 թվականի զեկույցից, որտեղ ծայրահեղ աղքատ են 1,4 տոկոսը, որը, 2017 թվականի գնահատականով, ըստ էության, այդ զամբյուղի արժեքը կազմում է 24 269 դրամ։ Եթե մենք 2017 թվականի հունվարի 1-ը համեմատենք 2019 թվականի նույն ժամանակահատվածի հետ և դիտարկենք միայն գնաճը որպես գործոն՝ այս 24269 դրամը այլ հավասար պայմաններում պետք է բերեր 25 314 դրամ։ Եթե հունվարի 1-ի դրությամբ մենք գիտակցում ենք, որ կա մոտավորապես 4 տոկոսի գնաճ, ապա հաջորդ տարի հունվարի 1-ին այս զամբյուղի արժեքը կկազմեր մոտավորապես 26 326 հազար դրամ»,- ներկայացրեց պատգամավորը։
Մանուկյանի կարծիքով, եթե այդ ցիկլը փակելու համար հնարավորություն կա, ճիշտ կլինի փակել, հակառակ դեպքում հաջորդ տարի կրկին գալու են ու ասեն, թե հետադարձ ուժ ենք տալու։
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն էլ իր ելույթում անդրադարձավ աշխատող-չաշխատողների կենսաթշակին՝ նշելով, որ շատ դժվար է որոշել, թե այդ տարիներին ովքեր են աշխատել։
«Անգամ սոցվճարի վճարմած լինելու հանգամանքը կապ ունի, թե արդյոք տվյալ աշխատողի աշխատանքային ստաժում այդ տարին հաշվարկվում է, թե ոչ: Այսինքն` աշխատողի մեղավորությունից զատ, այլ հանգամանք կա, որը բնութագրում է նրա աշխատանքային տարին, հետևաբար այն մարդիկ, որոնք մինչև տասը տարի են աշխատել և աշխատանքային կենսաթոշակ ստանու ենթակա չեն, ունեն խնդիր, որովհետև թեպետ աշխատել են, բայց չեն կարողանում ապացուցել և ստանալ համապատասխան կենսաթոշակ: Այնպես որ, արդարության հանգամանքն այստեղ խիստ հարաբերական է»,- նշեց պատգամավորը։
Ինչ վերաբերում է կենսաթոշակառուներին լրացուցիչ արտոնություններ տալուն՝ Թանդիլյանն ասաց, որ նման բան արվում է և պետք է արվի:
«Նախորդ կառավարության մշակույթի նախարարի և աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի համատեղ ասուլիսով հայտարարվել է այն մասին, որ կենսաթոշակառուները կարող են ստանալ ներկայացումների անվճար տոմսեր: Ես հուսով եմ` դա շարունակում է գործել, որովհետև այն ժամանակ էլ էր օգտագործվում «դրա փոխարեն թոշակ բարձրացրեք» եզրույթը, բայց և այնպես մարդու կյանքի որակը բարձրացնելը բացառապես դրամական ձևաչափով չէ արտահայտված, այլ նաև իր ապրելակերպի և իր զբաղվածության մասով»,- նշեց Մանե Թանդիլյանը։
Հարակից հրապարակումներ`
- «Ձեր գտնելը կարևոր չի, կարևորը հանրությունն է գտնում». Պատգամավորը՝ փոխնախարարին
- Հայաստանում 18 հազար մարդու կենսաթոշակ կբարձրանա` դառնալով 25 500 դրամ
- Սաիյան. Կառավարության կողմից նախագիծը համարվել է անհետաձգելի
- Նվազագույն կենսաթոշակի չափը բարձրացվում է
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում