Սամսոնյան. Շան գլուխը թաղված է հենց բուհերի դաշտում
ԱԺ-ում դիպլոմային և կուրսային աշխատանքների վաճառքի գովազդն արգելող օրինագծի քննարկման ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը նշեց, որ իր համար այնուամենայնիվ երկու խնդիր անհասկանալի է մնում։
«Օրենքի նախագծում նշվում է արգելել գովազդի այն տեսակները, որոնք գտնվում են իրավասու մարմինների վերահսկողության տակ, բայց պետք է հասկանալ, որ այս գործունեությունը կարող է օգտագործել գովազդային այլ միջոցներ ևս, որոնք անտեսանելի են: Ինչպե՞ս է վերահսկվելու գործընթացը, քանի որ հնարավոր է, օրինակ, թռուցիկներ բաժանվեն: Կամ կազմակերպությունների գործունեությունն արգելեցինք, անհատներին ինչպե՞ս ենք վերահսկելու»,- հարցրեց նա:
Հովհաննես Հովհաննիսյանը նշեց, որ սա ամբողջ աշխարհում է խնդիր:
«Ես հակված չեմ մտածել, որ այս հարցը մեկ կամ երկու օրինագծով ընդհանրապես վերանալու է: Աշխարհի զարգացած համալսարաններում պլագիատի դեպքեր ևս հայտնաբերվում են, բայց այնտեղ խիստ են պատիժները, պլագիատի հայտնաբերման դեպքում ուսանողը միանգամից հեռացվում է բուհից։ Ընդհանրապես հակված չեմ կարծելու, որ հնարավոր է հարցը մեկընդմիշտ լուծել և նշեց, որ խնդիրը բուհերի դաշտում է»,- ասաց Հովհաննիսյանը։
Սամսոնյանն արձագանքեց, որ շան գլուխը թաղված է հենց բուհերի դաշտում:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն էլ հարցրեց, թե համացանցում ինչպե՞ս են պայքարելու, որպեսզի գումարով կուրսային և դիպլոմային աշխատանքներ գրողները գովազդներ չտարածեն։
«Համացանցի դեպքում պայքարը հողմաղացների դեմ պայքար է, և այսօր դեռևս չի գտնվել այն մեթոդը, որով հնարավոր կլինի պայքարել։ Բուհերը պետք է մտածեն իրենց մրցակցային առավելությունները բարձրացնելու մասին, և նորից եմ շեշտում, որ մեկ էջանոց վերլուծական աշխատանքն ավելին արժե, քան 30 էջանոց արտագրությունը, այս առումով բուհերը մեծապես պետք է շեշտադրումը կատարեն քննական մտածողության զարգացման վրա, որպեսզի մենք ունենանք քննադատական միտք ունեցող ուսանողություն»,- ասաց Հովհաննիսյանը։
Հարակից հրապարակումներ`
- Շատ ավելի լավ է մեկ էջանոց էսսե հանձնարարել ուսանողին, քան 30 էջանոց աշխատանք, որտեղ ոչինչ չի ստուգվում. Հովհաննիսյան
- Կուրսայինների, դիպլոմայինների վաճառքի գովազդը սահմանափակելով՝ խնդիրն ամբողջությամբ չի լուծվի. Հովհաննիսյան