Դուստր և կախյալ ընկերությունները չեն կարող գնել հիմնական ընկերության թողարկած բաժնետոմսերը. քննարկում
ՀՀ ազգային ժողովի նիստում քննարկվում է «Բաժնետիրական ընկերությունների մասին», «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» և «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքերում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը:
Հիմնական զեկուցող ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ նախագծերն ուղղված են Հայաստանում գործարար միջավայրի բարելավմանը: Դրանք մշակվել են բաժնետիրական ընկերություններում կորպորատիվ կառավարման սկզբունքների կիրառությունն ընդլայնելու, կազմակերպությունների կառավարման թափանցիկության և հաշվետվողականության աստիճանը բարձրացնելու, փոքր բաժնետերերի շահերի պաշտպանվածությունն ավելացնելու նպատակով:
Նախարարն ասաց, որ օրենսդրական կարգավորումները կնպաստեն նաև արժեթղթերի շուկայի զարգացման նախադրյալների ընդլայնմանը և մասնավոր հատվածում ներդրումների իրականացման համար պայմանների բարելավմանը:
Փոփոխության համաձայն՝ առաջարկվում է սահմանափակել դուստր և կախյալ ընկերությունների կողմից հիմնական ընկերության թողարկած բաժնետոմսերի ձեռքբերումը, առաջարկվում է սահմանել, որ բաժնետերերի ընդհանուր ժողովում արտոնյալ բաժնետոմսերով նախատեսված իրավունքների սահմանափակմանը վերաբերող հարցերի քննարկմանը կարող են մասնակցել այդ բաժնետոմսերի սեփականատերերը: Ընդ որում, իրավունքների սահմանափակման վերաբերյալ որոշումը կարող է ընդունվել միայն այն պարագայում, երբ այդ որոշմանը կողմ են քվեարկել նման արտոնյալ բաժնետոմսերի 3/4-ի սեփականատերերը:
Բացի այդ, ըստ կարգավորումների, նախատեսվում է տարեկան և միջանկյալ շահութաբաժինները վճարեն շահութաբաժինների վճարման մասին որոշումն ընդունելուց հետո մեկ տարվա ընթացքում:
Նախագծով, ի թիվս այլ դրույթների, նաև սահմանվում է.
-Խորհրդի անդամների առնվազն մեկ երրորդը պետք է լինի անկախ,
-Եթե շահագրգռվածության առկայությամբ գործարքով վճարման ենթակա գումարը և գործարքի առարկա հանդիսացող գույքի` սահմանված կարգով հաշվարկված շուկայական արժեքը հավասար են կամ գերազանցում են Ընկերության ակտիվների արժեքի10 տոկոսը, ընկերության աուդիտն իրականացնող անձը գործարքի կնքման որոշումն ընդունելուց հետո` մինչև պայմանագրի կնքումը, տալիս է եզրակացություն գործարքի` սույն օրենքի պահանջներին, ինչպես նաև շուկայական արժեքին համապատասխանության վերաբերյալ,
-Բաժնետիրական ընկերության տնօրենների խորհրդին կից աուդիտի հանձնաժողովի ձևավորման պարտադիր պահանջը,
-Միաժամանակ, ցուցակված արժեթղթերով կազմակերպությունների համար սահմանված է յուրաքանչյուր անձի արժեթղթերի տիրապետության շեմ` 75 տոկոս, որի դեպքում նա պարտավոր է տվյալ դասի բոլոր արժեթղթերն իրեն հանձնելու առաջարկ անել: Առաջարկվում է այդ շեմը փոխարինել 50 տոկոսով: