Հայաստանում 18 հազար մարդու կենսաթոշակ կբարձրանա` դառնալով 25 500 դրամ
Հայաստանում չի լինի կենսաթոշակառու, որը կստանա 25 500 դրամից պակաս կենսաթոշակ: Այս մասին այսօր խորհրդարանում «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանը:
Փոխնախարարը նշեց, որ այս նախագծով առաջարկում են ներդնել նոր` նվազագույն կենսաթոշակի ինստիտուտ:
«Այսինքն՝ կսահմանվի նվազագույն կենսաթոշակի չափը, որից պակաս կենսաթոշակ ուղղակի չի կարող վճարվել»,- ընդգծեց նա:
Ըստ Սմբատ Սաիյանի՝ այսօր Հայաստանում կա 18 հազար կենսաթոշակառու, որոնք ստանում են ծայրահեղ աղքատության գծից ցածր կենսաթոշակ, և նրանց կենսաթոշակը կվճարվի կառավարության առաջարկած այդ նվազագույն չափով: Այսպիսով, Հայաստանում 18 հազար մարդու կենսաթոշակը կբարձրանա` դառնալով 25 հազար 500 դրամ:
«Իհարկե, պետական բյուջեում սա կբերի ծախսերի ավելացման` շուրջ 800 մլն դրամով, բայց 2019 թվականի բյուջեում համապատասխան միջոցները նախատեսված են և օրենքն ընդունվելուց հետո անմիջապես կկատարվի վերահաշվարկ և օրենքին կտրվի հետադարձ ուժ: Այսինքն` կհաշվարկվեն և կվճարվեն նաև 2019 թվականի այս ամիսների գումարները»,- նշեց փոխնախարարը:
Սմբատ Սաիյանը նաև ասաց, որ այս փոփոխությամբ Հայաստանում կենսաթոշակառուների շրջանում ի սպառ կբացառվի ծայրահեղ աղքատության գիծը, քանի որ 25 500 դրամը ծայրահեղ աղքատության գծի շեմն է:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին