«Փաշինյան-Ալիև՝ Վիեննայում. հայտնին ու անհայտը»
1in.am-ը գրում է. «Նախօրեին հայտնի է դարձել, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մարտի 29-ին կլինեն Վիեննայում, որտեղ նրանց հետ հաջորդաբար հանդիպում կունենա Ավստրիայի նախագահը: Ռուսական լրատվամիջոցները, հղում անելով Վիեննայում դիվանագիտական աղբյուրներին, հայտնել են, որ Ավստրիայի մայրաքաղաքում այդ օրը կլինի նաև Փաշինյան-Ալիև հերթական հանդիպումը: Այն, որ նրանք տվել էին հանդիպում ունենալու նախնական համաձայնություն, շաբաթներ առաջ տարածաշրջանային այցի արդյունքում հայտարարեցին Մինսկի խմբի համանախագահները:
Իհարկե, այս ընթացքում եղան ուշագրավ իրադարձություններ, մասնավորապես այն, որ Հայաստանի վարչապետը դիմելով Մինսկի խմբի համանախագահներին՝ առաջարկեց հստակեցնել երեք սկզբունքների և վեց կետերի, կամ այլ կերպ ասած՝ Մադրիդյան սկզբունքների նշանակությունը, քանի որ դրանց ներկայիս տեսքը և մեկնաբանությունը Հայաստանի համար ընդունելի չեն: Մյուս կողմից էլ Երևանը հստակ հայտարարեց, որ բանակցությունը լիարժեք կլինի միայն Ստեփանակերտի մասնակցությամբ, և դա բանակցության ձևաչափի վերականգնում է, ոչ թե խախտում:
Այդպիսով, այդ ֆոնին ինչ խոսակցություն և քննարկում կարող է լինել Վիեննայում: Թեև Երևանը հայտարարել է, որ հենց այդ հարցերն է քննարկելու համանախագահների և Ադրբեջանի հետ հնարավոր հանդիպումներում՝ լինի նախագահական, թե նախարարական մակարդակով: Բաքուն, ինչպես հայտնի է, մերժում է Երևանի մոտեցումները, սակայն նույն կերպ նաև առկա է հարցը, թե այդ դեպքում Ադրբեջանն ինչ է բանակցելու: Սրանով հանդերձ՝ ակնառու է, որ այսօրինակ հարցադրումները փոքր-ինչ պարզունակ են իրենց ուղղադրությամբ, որովհետև խոսելու թեմաները իսկապես բավականին շատ են, ընդ որում՝ թե՛ միմյանց հետ, թե՛ նաև համանախագահ երկրների:
Այս առումով մեզ համար թերևս հարկ է արձանագրել, որ արցախյան խնդրում գործնականում անխուսափելի է դառնում կիպրոսյան տարբերակի հեռանկարը: Իհարկե, մինչ իրավիճակը կբյուրեղանա այդ աստիճան, կարող են լինել տաք փուլեր՝ սահմանին լարվածության, հրադադարի խախտման տարբեր ինտենսիվության փուլերի տեսքով, սակայն, խոշոր հաշվով, այլընտրանք չկա, և դրան է, ի վերջո, գալու Ադրբեջանը՝ գործնականում միակ պետությունը, որը չի ընդունում և դիմադրում է այդ հեռանկարին:
Իհարկե, կան այդ դիմադրությունից օգտվող պետություններ էլ, սակայն այդ հանգամանքը նրանց համար, այսպես ասած, երկրորդային շահ է, ոչ ռազմավարական, քանի որ Հայաստանում թավշյա հեղափոխության արդյունավետ ընթացքի պարագայում փակվելու է նաև այդ խաղի հնարավորությունը: Այլ հարց է, թե որքանով է այդ ընթացքը երաշխավորված կամ ինչ դինամիկայով է լինելու, ինչ արագությամբ ու ծավալով:
Խոշոր հաշվով, սա է ուղիղ համեմատական լինելու արցախյան խնդրում կիպրոսյան հեռանկարի արագության համար: Այդ տեսանկյունից, ինչ են խոսելու Վիեննայում մի կողմից պարզ է, մյուս կողմից, իհարկե, անհայտ, սակայն մի բան միարժեք է խոշոր հաշվով, որ Երևանը պետք է հետևողական շարունակի սկսածը՝ թե՛ արցախյան հարցում մասնավորապես, թե՛ հեղափոխության հարցում ընդհանրապես»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան