Կրեմլը ցավում է Գոլանի բարձունքները Իսրայելի մաս ճանաչելու ԱՄՆ նախագահի որոշման համար
Ռուսաստանի իշխանությունները ափսոսանք են հայտնել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի որոշման կապակցությամբ՝ պաշտոնապես ճանաչելու Գոլանի բարձունքները որպես Իսրայելի մաս: Այս մասին տեղեկանում ենք kommersant-ից։
«Սա ԱՄՆ-ի կողմից միջազգային իրավունքի հերթական խախտում էր»,-այս մասին լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ հավելելով, որ այսպիսի որոշումը միանշանակ բացասական ազդեցություն կունենա Մերձավոր Արևելքի կարգավորման գործընթացի վրա։
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Թրամփը ավելի վաղ հայտնել էր, որ Գոլանի բարձունքները կարևոր ռազմավարական նշանակություն ունեն, այդ թվում նաև Իսրայելի ու տարածաշրջանի անվտանգության համար։
Սիրիայի ԱԳՆ-ն ԱՄՆ-ի որոշումն անվանել է բացահայտ խախտում, Եվրամիությունը ևս հրաժարվում է Գոլանի բարձունքները համարել Իսրայելի մաս։ Ռուսաստանի ԱԳՆ-ն էլ հայտարարել է, որ ՌԴ-ն չի աջակցի Գոլանի բարձունքների ստատուսի փոփոխման վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևին։