«Պատանի երաժիշտների Եվրատեսիլ» մրցույթի հաղթողը սիրում է Խաչատրյանի երաժշտությունը
18-ամյա մալթացի դաշնակահարուհի Բերնիս Սամմութ Ատարդը, ով առաջին անգամ էր Հայաստանում, կարևորում է երկկողմ մշակութային միջոցառումների անցկացումը: Մալթացի դաշնակահարուհին մեր երկրում էր «Հայաստանում Մալթայի երաժշտության օրեր» ծրագրի շրջանակում: Այստեղ հանդես է եկել մենահամերգով՝ ներկայացնելով Յոհան Սեբաստիան Բախի, Լյուդվիգ վան Բեթհովենի, Ֆրեդերիկ Շոպենի ստեղծագործություններից: Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեցին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի մամուլի ծառայությունից։
Դաշնակահարուհու խոսքով, ծրագիրը հաճույքով է կատարել, քանի որ ընտրված յուրաքանչյուր գործ հիանալի ստեղծագործություն է: Ուրախ է, որ կարողացավ հանդես գալ Երևանի Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ մասնագիտական դպրոցում, քանի որ նրան շատ դուր եկավ մշակութային օջախի՝ կոմպոզիտորների նկարներով զարդարված դահլիճը, ինչպես նաև դաշնամուրը:
«Մինչ Հայաստան գալը գիտեի շատ հայտնի կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի մասին: Ես նրա երաժշտությունը շատ եմ սիրում: Նաև հայ թավջութակահար Նարեկ Հախնազարյանի՝ Չայկովսկու անվան մրցույթի ելույթներն եմ տեսել, սիրում եմ նրա կատարումները: Ափսոս, որ երբ նա Մալթայում համերգ ունեցավ, չկարողացա մասնակցել»,- նշել է Բերնիս Սամմութ Ատարդը:
Դաշնակահարուհին 2018 թվականի «Պատանի երաժիշտների Եվրատեսիլ» մրցույթի հաղթողն է: Նրա մրցութային ելույթը տևել է 18 րոպե և ուղիղ եթերով հեռարձակվել է ողջ Եվրոպայում` շուրջ 5 միլիոնանոց լսարանի առաջ: Նրա կատարումը բարձր է գնահատվել ինչպես տեղի, այնպես էլ արտասահմանյան ճանաչված երաժիշտների կողմից: Ասում է՝ մրցույթը շատ մեծ փորձ էր իր համար: «Այն շատ էր տարբերվում այլ մրցույթներից, որովհետև ուղիղ հեռարձակվում էր 5 միլիոն մարդու համար: Մի քիչ հուզված էի, բայց շատ հաճելի էր տեսնել մարդկանց այլ երկրներից, ովքեր հավաքվել էին մեկ վայրում»,- նշում է դաշնակահարուհին: 18-ամյա արտիստը փաստում է՝ իր աշխատանքում ամենաշատը սիրում է այն, որ կարողանում է այցելել տարբեր երկրներ, տեղեկանալ այլ երկրների մշակույթի մասին:
Մինչև Հայաստան գալը եղել է բազում երկրներում: Հանդես է եկել Անգլիայում, Շոտլանդիայում, Ուելսում, Լեհաստանում, Գերմանիայում, Բելգիայում, Նիդերլանդներում և Ռուսաստանում:
Նա նշել է, որ իրեն շատ է դուր գալիս «Հայաստանում Մալթայի երաժշտության օրեր» ծրագրի գաղափարը, որը հնարավոր է դարձել Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի շնորհիվ։ «Սոցիալական մեդիայի զարգացման հետ շատ հեշտ է դարձել որևէ այլ երկրի մասին սովորելը, բայց այցերն ու փոխանակման ծրագրերն առավել հետաքրքիր են»,- ընդգծում է նա:
Բերնիս Սամմութ Ատարդին 2017 թվականին շնորհվել է 2-րդ մրցանակ Մալթայի միջազգային երաժշտական մրցույթի շրջանակներում, ինչպես նաև պատվավոր մրցանակ՝ որպես լավագույն ջութակահար, և 3-րդ մրցանակ` որպես լավագույն դաշնակահար Մալթայի միջազգային դաշնամուրային մրցույթում: Բերնիսը այժմ սովորում է պրոֆեսոր Ֆալի Փավրիի մոտ` Շոտլանդիայի թագավորական կոնսերվատորիայում: Անդրեա Գաջիչի մոտ սովորում է ջութակ, որպես երկրորդ մասնագիտություն:
«Հայաստանում Մալթայի երաժշտության օրեր» ծրագրի նպատակն է Հայաստանում ներկայացնել Մալթայի մշակույթը` տարբեր միջոցառումներ կազմակերպելով: