Արամ Սիմոնյան. Որևէ ուսանողի առաջ դուռ չեմ փակել
«Վարչապետի հայտարարությանը ես մեկնաբանություն չեմ կարող տալ, ես վարչապետի հայտարարությունը չեմ քննարկում»,- լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի Պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես կմեկնաբանեք վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «ուսանողի վրա դուռ փակած ռեկտորները նոր Հայաստանում տեղ չունեն» հայտարարությունը։
Ա. Սիմոնյանի խոսքով, վարչապետն արտահայտել է ընդհանուր կարծիք, ոչ անձնավորված. «Ես ի՞նչ կարող եմ մեկնաբանել, գնացեք, կառավարության լրատվական ծառայությունից իմացեք, թե կոնկրետ ինչ է նկատի ունեցել վարչապետը, ես որևէ պարզաբանում չեմ կարող տալ»։
Լրագրողի դիտարկմանը, թե վերջին շրջանում խոսակցությունները հենց ձեր շուրջ են պտտվում, ռեկտորն ասաց. «Իմ շուրջ միշտ էլ խոսակցություններ պտտվել են, 13 տարի է ռեկտոր եմ, 13 տարի իմ շուրջ խոսակցություններ են պտտվում, ես հո ամեն խոսակցության չեմ կարող մեկնաբանություն կամ պարզաբանումներ տալ»։
Նա ընդգծեց, որ ինքը որևէ ուսանողի առաջ դուռ չի փակել։
Հարցին, թե ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն ասել է, որ եթե Արամ Սիմոնյանը շարունակի պաշտոնավարել, լրջագույն խնդիրներ կան ու ի հայտ կգան, ԵՊՀ ռեկտորը պատասխանեց. «Չգիտեմ՝ ինչ նկատի ունի պարոն Հարությունյանը, ինչ լրջագույն խնդիրներ են, դա ինչ սպառնալիք է, չեմ կարող ասել։ Արդեն քրեական գործ կա, քննությունն ընթանում է։ Եթե քրեական գործ կա, քննությունն ընթանում է։ Եթե դա համարում է ոչ լրջագույն, դրանից հետո հաջորդ լրջագույնն ինչ է իրենից հարցրեք, չեմ կարող ասել»։
Հարակից հրապարակումներ`
- Ինչպե՞ս է պատկերացնում նախարարը ԵՊՀ ռեկտորի հրաժարականը
- Ուսանողի վրա դուռ փակած ռեկտորները նոր Հայաստանում տեղ չունեն. վարչապետ