Շատ ավելի լավ է մեկ էջանոց էսսե հանձնարարել ուսանողին, քան 30 էջանոց աշխատանք, որտեղ ոչինչ չի ստուգվում. Հովհաննիսյան
Խորհրդարանն այսօր քննարկում է «ՀՀ գովազդի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է արգելել կուրսային և դիպլոմային աշխատանքների վաճառքի գովազդը:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը խոսելով նախագծի ընդումնան անհրաժեշոտթյունից՝ նշեց. «Տարիներ շարունակ տեսնում ենք, թե ինչպես են տարբեր անհատ անձանց և կազմակերպությունների կողմից վաճառվում դիպլոմային և կուրսային աշխատանքներ, որով ազդում են կրթության որակի վրա։ Այս խնդիրը բազմաշերտ է, քանի որ այն չպետք է ստանար օրենսդրական լուծում, եթե հայաստանյան բուհերն ապահովեին նորմալ գործիքակազմ։ Բուհերի հետ իմ բազմաթիվ քննարկումները ցույց են տալիս, որ շատերը դեռևս այդ գիտակցումը չունեն, և բուհերի ղեկավարները չունեն այդ գիտակցումը, որ պետք է դնեն հակապլագիատ գործիքներ, նրանց նույնիսկ ճանապարհն եմ մատնանշել, թե դա ինչպես պետք է անեն։ Այստեղ նոր հեծանիվ հնարելու խնդիր չկա, որովհետև մի շարք բուհեր արդեն օգտագործում են այդ գործիքները։ Պետք է ներդնել էլեկտրոնային կառավարման համակարգ և այնտեղ տեղադրել հակապլագիատ գործիքներ, բայց ունենալով այս բացը՝ մենք, ցավոք, այսօր պետք է առաջարկենք նման օրինագիծ»։
Նրա կարծիքով՝ նախագիծը նաև նախազգուշացնող է, քանի որ արգելելու է կուրսային, դիպլոմային և այլ աշխատանքներ գրելու գովազդը։
Պատգամավորն ասաց, որ իրենց անցկացրած ուսումնասիրությունով պարզել են, որ նույնիսկ գումարով արտագրությունների ծառայություն կա. «Սա նշանակում է, որ Հայաստանում կան դասախոսներ, որոնք լսարանում շարունակում են թելադրություններ կարդալ, որն ուսանողները վերցնում են միմյանցից և գումարով տալիս արտագրելու, ինչը խայտառակություն է։ Շատ կարևոր է, որ այս կազմակերպությունները հանվեն համալսարանների հարակից տարածքներից և ընդհանրապես արգելվեն։ Շատ անբարեխիղճ մարդիկ՝ լինեն դասախոսներ և այլք, համագործակցում են այդ կազմակերպությունների հետ և ամբիոններից արդեն պատրաստի աշխատանքներ են տրամադրում կազմակերպություններին, որոնք էլ ծիծաղելի ցածր գնով դրանք վաճառում են ուսանողներին»։
Հովհաննիսյանի կարծիքով՝ հետագայում պետք է արգելվի ռեֆերատների և կուրսայինների պրակտիկան։
«Շատ ավելի լավ է մեկ էջանոց էսսե հանձնարարել ուսանողին և նրա վերլուծական կարողությունները ստուգել, քան 30 էջանոց աշխատանք, որտեղ ոչինչ չի ստուգվում»,- հավելեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Կուրսայինների, դիպլոմայինների վաճառքի գովազդը սահմանափակելով՝ խնդիրն ամբողջությամբ չի լուծվի. Հովհաննիսյան
- Հովհաննիսյանի ներկայացրած նախագծով կուրսային, դիպլոմային աշխատանքների վաճառքի գովազդը կսահամանափակվի