Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը դատարանը քննում է դռնբաց
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ քննում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ անձեռնմխելիութան հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ պաշտպանական խմբի ներկայացրած բողոքը:
Քննիչ Հրաչ Մուշեղյանը միջնորդություն ներկայացրեց, որ ԶԼՄ ներկայացուցիչները չմասնակվեն դատական նիստին։ Ասաց, չի ցանկանում, որ իրեն նկարահանեն։
Դատախազն էլ լրացրեց, Ռոբերտ Քոչարյանի գործի անջատված մասով նախաքննությունը շարունակվում է, և հետազոտվող փաստաթղթերը դեռևս շարունակվող նախաքննության ընթացքում հրապարակման ենթակա չեն։
ՀՀ երկրորդ նախագահի պաշտպանական խմբի անդամ Հովհաննես Խուդոյանն առարկեց միջնորդությանը։ Ասաց՝ նախնական քննության տվյալների գաղտնիության պահպանման մասին ինքն էլ ծանուցվել է, ստորագրել է, որ չպետք է հրապարակի, բացի այդ, այս քննությունը չի պարունակում նման տվյալներ, հիմնված է հրապարակային հայտարարությունների ու իրավական մեկնաբանությունների վրա։
«Ինչ վերաբերում է չլուսանկարվելու ցանկությանը, իրենք սույն գործի շրջանակում հանդես են գալիս որպես պաշտոնատար անձինք, ոչ թե անհատներ։ Ի պաշտոնե նրանք ներկայացնում են պետությունը։ Կարծում եմ, անձին վերաբերող իրավունքները սույն դեպքով կիրառելի չեն»,-ասաց փաստաբանն ու առաջարկեց դռնբաց շարունակել քննությունը, այդ հարցին անդրադառնալ կոնկրետ նախնական քննության տվյալ հրապարակելու անհրաժեշտության դեպքում։
Դատավորը չբավարարեց քննիչի միջնորդությունը, դատական նիստն իրականացվում է դռնբաց։
Դատարանը, արձանագրելով, որ քննիչն ու դատախազը պաշտոնատար անձինք են, սակայն ընդառաջելով նրանց խնդրանքին, որոշեց. «Որպես նախագահող դատավոր՝ խնդրում եմ՝ չտեսանկարահանել դատախազին, քննիչին, ես էլ պետք է ասեմ, որ լարված եմ լինում։ Կարող եք տեսագրել 10 րոպե, ձայնագրել՝ անսահմանափակ»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին