Արագ փչացող լեգիտիմություն
Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին թեև Չերչիլը փառքի գագաթին էր, սակայն 1945-ի հուլիսի ընտրություններում` երբ նա փորձեց մեկ անգամ ևս այդ «փառքը» վերածել իշխանության, պարզվեց որ այն այլևս չի կապիտալիզացվում։ Թորիները պարզապես չունեին պատերազմից թուլացած երկրի տնտեսությունը վերականգնելու, առաջացած սոցիալական ծանր վիճակը վերացնելու, գրեթե բոլոր գաղութներում բռնկված բողոքի հզոր ալիքը մեղմելու, աննախադեպ խոշոր ու աճող արտաքին պարտքը կրճատելու ... ծրագիր։ Եվ ընտրողները վստահության քվեն տվեցին լեյբորիստներին` թույլ չտալով, որ պատերազմում հաղթաց վարչապետը որոշի Բրիտանիայի տեղը հետպատերազմյան աշխարհում, նաև ապացուցելով, որ «փառքը» շատ արագ փչացող երևույթ է։
Հետպատերազմյան Բրիտանիայի քաղաքական պատկերը բազում զուգահեռներով նման է այսօր մեր երկրում առկա վիճակին։ Իշխանափոխությունից անցել է 11 ամիս, բայց «մերժելով» իշխանության եկած ռեժիմը ոչինչ չի արել` ժողովրդի սպասումները գոնե ավանսով սփոփելու համար։ Ավելի քան 3 ամիս առաջ որոշակի հնարքով ստացած վստահության քվեն ոչ մի կերպ ու առումով չի կապիտալիզացրել, բայց հաստատել է, որ այն կոնվերտացվող չէ։ Նոր ռեժիմի գրեթե մեկամյա անարդյունք, բայց բազում վտանգավոր հետևանքներով գոյությունը սպառիչ ապացույց է, որ այն անդեմ է ու պատրաստ է կրել ցանկացած դիմակ, որ ամեն ինչ վերածում է քասի ու նոր պրոբլեմ է առաջացնում, որ քայքայում է գործընկերային հարաբերությունները և ստանում է նոր արտաքին վերակացուներ։
Նոր ռեժիմն իր դրսևորումներում ոչ միայն պարզ ցուցադրել է իր ռեպրեսիվ, բռնի էությունը, այլ նաև ամեն քաղաքացու իջեցրել է հլու հպատակի մակարդակի։ Այսօր նույնիսկ ամենասպիտակներն են խոստովանում (նաև կառավարությունում ու ԱԺ-ում տեղի ունեցող դեբատներն են դա փաստում), որ գործող իշխանությունը չունի ո՛չ տնտեսակա, ո՛չ սոցիալական, ո՛չ քաղաքական, ո՛չ մշակութային, ոչ էլ որևէ այլ առաջընթացային զարգացման ծրագիր։ Իր անորոշ գոյությամբ ռեժիմը խթանում է կոռուպցիայի արմատավորումը, ծանրացնում է հարկեր-տուրքեր բեռը, քանդում է ֆինանսա-տնտեսական համակարգը, վատթարացնում է շուկայի կարգավորումը, ավելացնում է արտաքին պարտքն ու կրճատում ՀՆԱ-ի ծավալը, բազմապատկում է գործազուրկների թիվը, սրում է սոցիալական շերտավորումն ու լարում է բողոքի զսպանակը ...
Այսինքն. առկա իշխանությունը բանկրոտ, սնանկ է։ Մինչդեռ մեզ ու պատերազմող մեր երկրին անվտանգություն, միասնություն, կայունություն, հզորություն, այո` նաև սեր ու համերաշխություն է պետք։ Մենք մեր հավատն ու արժեքները մոռանալու, հերոսներին ուրանալու, գեներալներին հանձնելու, անորաշության, էքսպերեմենտի, պառակտվելու, իրար դեմ ելնելու, օտարին ապավինելու իրավունքը չունենք (քննենք Սերբիայի քսանամյա պատմությունը և անհրաժեշտ եզրահանգումներ անենք)։ Այլապես` չենք կարողանա լուծել Հայաստանի ու Արցախի հանրապետությունների, ողջ հայության համար ճակատագրական, առաջնային նշանակություն ունեցող Արցախի հիմնախնդիրը։ Առջևում ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ բանակցություններն են և մեր երկրի ղեկավարը պարտավոր է այս ամենը գիտակցել։
Մինչդեռ նա դեռ չգիտի` բանակցում է, թե` զրուցում է, ումն է ներկայացնում ու ինչ է ուզում, չունի իր սկզբունքները և անվերջ փոխում է բարոյական սահմանները։ Իսկ անգործությունը շատ արագ փչացնում է նույնիսկ աննախադեպ ու բացառիկ ձեռքբերումները։ Հետևաբար, բոլորովին էլ արտառոց չէ, որ հիմա` համապետական ընտրություններից գրեթե 100 աշխատանքային օր անց առարկայորեն առաջացել է թավշյա իշխանության ստացած քվեի ամրությունը և էությունը ստուգելու բախտորոշ անհրաժեշտություն։ Բանն այն է, որ հաղթած երկրի քաղաքականապես դատարկ, դիվանագիտորեն անպատրաստ, գաղափարապես հեղհեղուկ վարչապետը նաև սնանկ է, քանի որ ուղղակիորեն կորցրել է լեգիտիմությունը։ Այն անցած ամիսներին պարզապես փչացել է։
Էժան PR ակցիաներով (անակնկալ, բայց անիմաստ այց Ռանչպար, բուտկաներն ու կարկասները թողած` բիչոկ հավաքելու շաբաթօրյակ և այլն) ֆեյսբուքյան վարկանիշի հետևից ընկած վարչապետը կորցրել է ոչ միայն լեգիտիմությունը, այլ նաև` ինքն իրեն։ Նա չի կարողանում տիրապետել ներկան, անկարող է կառուցել ժողովրդի ուզած ապագան և սեփական անկարողությունից պատերազմում է մեր ու անցյալի հետ։ Ստեփանակերտում կայացած Հայաստանի ու Արցախի ԱԽ-ների համատեղ նիստում նա չստացա՛վ բանակցություններում Արցախի փոխարեն որոշումներ կայացնելու մանդատ, քանի որ նախևառաջ բացահայտեց, որ անկարող է պաշտպանել բանակցային գործընթացում հայկական կողմի ամենածանրակշիռ ու կարևոր ձեռքբերումը։
Փաշինյանը արցախցիներին, նաև իր համախոհներին (անցած 2 շաբաթների նրանց քար լռությունը հենց դրա հետևանքն է) ակամա համոզեց, որ նշույլ իսկ ճնշման դեպքում անմիջապես կարող է հրաժարվել Մադրիդյան սկզբունքներից։ Հիշեցնեմ, որ 2007 նոյեմբերի 29-ին Մինսկի խմբի համանախագահությունը հաստատեց Արցախի հիմնախնդիրը կարգավորելու առաջարկների այս փաթեթը, որում առաջին անգամ ամրագրվեց ժողովրդի ազատ կամարտահայտման միջոցով Արցախի ինքնիշխան իրավական կարգավիճակը վերջնականորեն սահմանելու պարտադիր պայմանը և այն իրագործելու ճանապարհային քարտեզը։ Հայկական կողմն, ի դեպ, Մադրիդյան սկզբունքներն ընդունել է վերապահումներով և միայն որպես բանակցությունների հիմք։
Եվ այս պարագաներում անհրաժեշտ է անդրադարձը Փաշինյանի լեգիտիմությանը` պարզելու համար դրա էությունն ու գենեալոգիան։ Հայտնի է, որ նրա «ուժեղ լեգիտիմության» ծագումնաբանությունը պայմանավորված է համապետական ընտրություններից ամիսուկես առաջ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի պատվերով։ Ի դեպ. նա Հայաստան էր եկել ոչ միայն Փաշինյանի «ուժեղ լեգիտիմության» ապահովական քայլերը վերահսկելու, այլ նաև «այն» օգտագործելու կոնսուլտացիաներն անցկացնելու նպատակով, որոնց գլխավոր թեման հենց Արցախի հիմնախնդրի կարգավորումն էր` ամերիկյան տարբերակով։
Իհարկե, Փաշինյանի «ուժեղ լեգիտիմությունը» Բոլթոնը պայմանավորել էր սորոսականներից, տարատեսակա ծայրահեղականներից ու գրանտային կառույցներից, նաև սրանց ջանքերով էյֆորիկ խաբկանքի ու թյուրիմացության մեջ հայտնված էլեկտորատից ստացած քվեներով։ Սակայն նա, օրինակ, չէր հաշվարկել, որ ՀՀ ընտրողների 52%-ն ուղղակի բոյկոտելու են ընտրությունները։ Հավանաբար նաև տեղյակ չէ, որ դեռ քվեարկությունից առաջ, միայն մեկ հնարքով, ԻՔ դաշինքի օգտին ապահովվել է առնվազն 140 հազար քվե` մատ 2 հազար ընտրական տեղամասերից յուրաքանչյուրում 70-ական «ճիշտ» լրացված քվեաթերթիկներ լցոնելու եղանակով։ Բանակի ու ոստիկանության «հրամանով» քվեարկելու, ընտրատեղամասերում «սպիտակների» վերահսկողությամբ կատարված ինքնագործունեությունների և կիրառված այլ հնարքները մանրամասնորեն ներկայացնելու առիթ, հավանաբար, կառաջանա, երբ քրեական գործերի շրջանակներում քննվեն նաև 1995, 1996, 2018 թվականներին կայացած համապետական ընտրությունների «արդյունքները»։
Ստացվում է, որ իրոք, Փաշինյանն իր լեգիտիմությունն ապացուցելու և ժողովրդին նոր քննություն հանձնելու պարտավորություն ունի։ Այլապես հնարավոր չի լինի պարզել, թե նա ունի՞ Արցախի հիմնախնդիրը կարգավորող բանակցություններին որոշիչ մանդատով մասնակցելու, ընթացող հիբրիդային համաշխարհային պատերազմի պայմաններում վերադասավորվող ու վերաբաժանվող աշխարհում Հայաստանի տեղն ու դերը որոշելու լեգիտիմ իրավունք։
Սիմոն Գյուրջյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու