Ինչու է թանկացել հավի միսը
Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնը, շարունակելով սպառողական զամբյուղում ընդգրկված ապրանքների դինամիկայի վերլուծության շարքը, անդրադարձել է հավի մսի սպառման, ներկրման, արտադրման ծավալներին ու գնին:
ՀՀ-ում արտադրված հավի մսի ծավալները 2018թ.-ին աճել են 36.32%-ով՝ կազմելով 13,835.2 տոննա, իսկ ներմուծման ծավալները կրճատվել են 6.69%-ով՝ կազմելով 32,875.8 տոննա՝ նախորդ տավա նույն ժամանակահատվածի նկատմամբ: Չնայած ներկրման ծավալների կրճատմանն ու տեղական արտադրանքի ծավալների ավելացմանը՝ ներկրվող հավի մսի խմբաքանակը շարունակում է շեշտակի գերազանցել տեղական հավի մսի ծավալներին:
2018թ-ին 2017թ.-ի համեմատ հավի մսի մանրածախ միջին գինը 3.07%-ով իջել է՝ կազմելով 1,453.7 ՀՀ դրամ: Իսկ հավի մսի ենթամթերքի՝ թարմ, պաղեցրած կամ սառեցրած (հավի թևիկ, ոտիկ, կրծքամիս) գինը 2018թ.-ի բոլոր ամիսներին նախորդ տարվա համեմատ գները աճել են: 2019թ.-ի հունվար ամսին բնեղեն արտահայտությամբ, այսինքն տոննայով թռչնամսի գինը 2018թ.-ի հունվարի համեմատ 13.4% աճ է գրանցել:
Ըատ վերլուծության՝ 2019թ-ի հավի մսի շուկայուն գնաճ է գրանցվել: 2019թ. հունվար-փետրվար ամիսների գները ի տարբերություն 2018թ.-ի նույն ժամանակահատվածի աճել են համապատասխանբար 4.1 և 8.5%-ով (իսկ թարմ, պաղեցրած կամ սառեցրած հավի մսի ենթամթերքի պարագայում` 7.7 և 6.4%):
Հավի մսի գների տատանումները և տեղական արտադրության հավի մսի ծավալների աճը հնարավոր է բացատրել մի քանի հանգամանքով.
2017թ.-ին ՀՀ սպառողները հիմնականում նախընտրություն են տվել տեղական արտադրության հավի մսին, 2018թ.-ին ևս նախընտրել են և անգամ նախորդ տարվա համեմատ ավելացրել են սպառման մակարդակը, ինչը կարող է պայմանավորված լինել նաև տավարի միսը հավի մսով փոխարինելու հանգամանքով, քանի որ տեղական արտադրության տավարի մսի մանրածախ միջին գինը 2018թ.-ին նախորդ տարվա համեմատ բարձրացել էր 20.94%-ով:
2018թ.-ի գների անկման վրա հիմնականում ազդել է ամբողջական վերցված հավի գների անկումը, մինչդեռ հավի մսի ենթամթերքի գները բարձրացել են: Իսկ արդեն 2019թ.-ի հունվար-փետրվարին երկուսն էլ աճ են արձանագրել:
Եթե տեղական արտադրության հավի մսի ծավալների աճը պայմանավորված է եղել աճող պահանջարկով՝ որպես տավարի մսին փոխարինող մսամթերք, ապա դա կարող էր որոշակիորեն նպաստել տեղական արտադրության հավի մսի գների աճին (հատկապես ենթամթերքի), սակայն այդ գնաճը զսպվել է ներմուծվող ու մրցակցային գին ունեցող հավի մսի շնորհիվ: Ըստ ՄԱԿ-ի «UN Comtrade Database» առցանց բազայի տվյալների 2018թ.-ի առաջին 10 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ «Ընտանի հավերի, մսեղիքի մասեր և ենթամթերք` սառեցրած» խմբի մեկ միավորի հաշվով ներմուծվող ծավալների արժեքը շուրջ 14% անկում էր արձանագրել: Այս խմբի ներմուծվող հավի մսի ծավալների ամենամեծ անկումը գրանցվել է ուկրաինական ծագման հավի մսի դեպքում՝ շուրջ 37%, այն պարագայում, երբ զուտ քաշի շուրջ 49% ավելացում է գրանցվել:
ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երրորդ երկրներից, օրինակ Բրազիլիայից ներմուծվող ծավալների կրճատումը կարելի է բացատրել նաև անցումային շրջանում գործող ԵԱՏՄ Միասնական մաքսային սակագներից տարբերվող ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերի կիրառմամբ (բացի ուկրաինականից):
ԵԱՏՄ մաքսային դրույքաչափերը 2017թ-ից սկսել են բարձրանալ և շարունակվելու են բարձրանալ մինչև 2021թ.-ը (2017թ.–ին՝ 14%, 2018թ.-ին՝ 18%, 2019թ.-ին՝ 22%, 2020թ.-ին՝ 25%, 2021թ.-ին՝ 50%):
Ամփոփելով նշենք, որ եթե դիտարկված միտումները շարունակվեն, ապա կարճաժամկետ-միջնաժամկետ հատվածում տեղական արտադրության հավի մսի ծավալներն աճելու են՝ ՀՀ սպառողների աճող պահանջարկը բավարարելու համար: Ներմուծվող ծավալների որոշակի կրճատում կարող է արձանագրվել՝ հատկապես երրորդ երկրներից: Ներմուծման ծավալների հիմնական աճը բաժին է ընկնելու ուկրաինական և ՌԴ ծագում ունեցող հավի մսին, որի շնորհիվ ներմուծվող հավերի գների էական թանկացում չի արձանագրվի՝ հատկապես հավի մսի ենթամթերքի պարագայում: Իսկ տեղական հավի մսի գների բարձրացման դեպքում սպառողները, որպես այլընտանք, այն կփոխարինեն ներմուծված հավի մսով: