Մակարյանը զարմացած է՝ վարչապետը ժամանակ չի գտնում հանդիպել օտարերկրյա ներդրողների հետ
Հայաստանում ներդրումների որոշակի աշխուժացում կա, սակայն օտարերկրյա ներդրումներ ներգավելու համար կան լուրջ խոչընդոտներ։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանի համար առաջնահերթ է նոր ներդրումների գրավումը, բայց դրա համար պետք է բարձրացնել աշխատուժի մրցունակությունը։ Մինչդեռ, ըստ Գագիկ Մակարյանի, ՀՀ-ում աշխատուժի արտադրողականության ցածր մակարդակը խիստ նվազեցնում է տնտեսության և կազմակերպությունների մրցակցությունը, որի արդյունքում էլ հնարավոր չի լինում նոր ներդրումներ ներգրավել։
«Այսօր մեր կրթական համակարգը հետադիմական է, ինչի հետևանքով որակյալ աշխատուժի խնդիր ունենք։ Այսինքն՝ ներդրումներին խթանող ուղղություններով մենք դեռևս որևէ հաջողություն չենք կարող ունենալ։ Շատ հաճախ մենք այս խնդիրներն անտեսել ենք և չենք համարել կարևոր»,- ասաց նա։
Նրա խոսքով՝ ներդրումներ ներգրավելու համար տարիներ շարունակ փորձել են օրենքներում փոփոխություններ, «պրիմիտիվ» բարելավումներ են իրականացնել, բայց գլոբալ առումով ներդրումների խթանմանը խոչընդոտ խնդիրները չեն վերացրել. «Այդ խոչընդոտների մեկ կամ երկուսի առկայությունը բավարար է, որ ներդրողները խուսափեն կամ զգուշանան»։
Ի դեպ Գագիկ Մակարյանը տեղեկացրեց, որ նախաձեռնել էին հաջորդ շաբաթ խոշոր ներդրողների հետ հանդիպում կազմակերպել վարչապետի հետ, սակայն նրա գլխավոր խորհրդականը տեղեկացրել է, որ ժամանակի սղության պատճառով դա անհնար է։
«Մենք ստիպված հետաձգեցինք այդ ներդրողների այցը Հայաստան։ Մի քիչ զարմացած եմ, մենք այնպես էինք հաշվարկել, որ դիմելուց 16 օր հետո պետք է այդ հանդիպումը կայանար, այսինքն՝ բավարար ժամկետ էր 1-1,5 ժամ տրամադրելու համար, բայց պարզվեց, որ այդ ժամանակը չկա, վարչապետը խիստ ծանրաբեռնված է։ Խորհրդականներն ասում են, որ դա հնարավոր չէ»,- ասաց Գագիկ Մակարյանը։
Նրա խոսքով՝ ներդրողները պետք է գային մի քանի երկրներից՝ ԱՄՆ, Իսպանիա, Անգլիա, ըստ նախնական պայմանավորվածությունների, նախատեսվում էր առաջիկա երեք տարիներին էներգետիկայի ոլորտում ներդրնել մոտ 750 մլն դոլար։
«Այդ ներդրումները կարող էին շարունակվել՝ հասնելով 3-4 մլրդ դոլարի։ Ցավոք սրտի, դա անորոշ ժամանակով հետաձգվում է, քանի որ կառավարությունից նույնիսկ չեն նշել հնարավոր ժամկետ, որ այդ հանդիպումը կայանա։ Նաև հարց է առաջանում՝ կհաջողվի նորից այդ ներդրողների հետ բանակցություններ վարել, ի վերջո մի քանի երկրներից մի քանի ներդրողների հանդիպումը մեկ վայրում կազմակերպելը բարդ խնդիր է»,- նշեց նա։
Նրա խոսքով՝ բնական է, որ այդ ներդրողները կգնան այլ երկրներ, այսօր բոլոր երկրները ձգտում են ներդրումներ ներգրավել էներգետիկայի ոլորտ, քանի որ դրանք երկարաժամկետ են, կայունություն են ապահովում, էներգետիկ անվտանգության համար կարևոր նշանակություն ունեն։
Գագիկ Մակարյանը նշեց նաև, որ փորձել է անձամբ կապ հաստատել վարչապետի հետ, սակայն չի հաջողվել: Փորձել է վերջին քայլն էլ կատարել. «Երեկ զրուցել եմ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի հետ, վերջինս խոստացել է այսօր որոշակի շտկումներ կատարել և երեկոյան զանգել»։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին