5 տոկոս տնտեսական աճն այն ցուցանիշը չէ, որով կարելի է երջանիկ զգալ. Գագիկ Մակարյան
Հայաստանի կառավարությունը տարբեր ժամանակներում իր գործելակերպով ավելի շատ սահմանափակել է ներդրումների հնարավորությունները, քան փորձել է դրանք զարգացնել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը։
Նրա խոսքով՝ տարբեր օրենքների ընդունման, միջազգային տարբեր պայմանագրերի ստորագրման ճանապարհով, կարծես, թղթի վրա փորձել են խթանել, բայց իրական կյանքում դրանք այդպես էլ չեն իրականացվել: «Հիմա երբ խոսում են ներդրումների խթանման մասին, բնականաբար, պետք է կանգնել մի շարք կետերի վրա և այդ խոչընդոտները վերացնել: Եթե դրանք չեն վերացվելու կամ մասնակի են վերացվելու, ապա դրանք կշարունակեն արգելք հանդիսանալ տարբեր ներդրումների համար»,- ընդգծեց նա:
Անդրադառնալով օտարերկրյա ներդրումների կարևորությանը՝ Գագիկ Մակարյանն ասաց, որ եթե օտարերկրյա ներդրումներ չեն արվում պետություններում, այդ թվում՝ Հայաստանում, ապա արժեթղթերի շուկան չի զարգանում, ֆինանսավորման աղբյուրները հիմնականում լինում են բանկերը, և բանկերի դեպքում էլ ֆինանսավորման հասանելիությունը խիստ սահմանափակվում է տարբեր ոլորտների ձեռնարկությունների համար:
Նա նշեց, որ ՀՀ կառավարությունը պետք է ուշադրություն դարձնի այս խնդիրներին, պետք է լուրջ քայլեր իրականացվեն տնտեսության զարգացման ուղղությամբ և ներդրումների ներգրավման համար:
Անդրադառնալով տնտեսական աճին՝ Գագիկ Մակարյանն ասաց, որ այս տարվա պետական բյուջեով ակնկալվում է, որ մեր երկրի տնտեսական աճը կլինի միջինը 5%, ինչը, նրա գնահատմամբ, փայլուն ցուցանիշ չէ:
«Դա այն ցուցանիշը չէ, որով կարելի է երջանիկ զգալ: Տնտեսական աճը պետք է լինի երկնիշ թվերով, իսկ աճ ապահովելու համար պետք է ռեֆորմները ճիշտ իրականացնել, և ամենակարևորը՝ պետական պաշտոնյաները պետք է ի պատասխանատվություն ունենան: Եթե պետական պաշտոնյաները կարող են մարդկանց հետ չհանդիպել, չձգտեն սովորեն և այլն, ապա իրենք ևս լուրջ խոչընդոտ են առաջացնում: Ի վերջո չաշխատելը ևս խոչընդոտ է»,- ասաց Գագիկ Մակարյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում