«Լուսավոր Հայաստանի»՝ կառավարության կառուցվածքի տարբերակը
Ազգային ժողովի «Լուսավար Հայաստան» խմբակցությունն այսօր լրագրողներին ներկայացրեց կառավարության կառուցվածքի իրենց տարբերակը։ Խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ասաց, որ այն գտնում են սխալ է, չի կարող խնդիրները լուծել, իրենք առաջարկելու են իրենց տարբերակը։
Կառավարության կառուցվածքի փոփոխության ներկայացված նախագծով առաջարկվում է կրճատել նախարարությունները, սակայն, Է. Մարուքյանի կարծիքով, այդ կրճատումներն ավելի շատ լինելու են ֆորմալ, տեխնիկական բնույթ են ունենալու։
Նա նշեց, որ այս նախագծում չկան երեք կարևոր հարցերի պատասխան՝ արդյոք վերափոխվում է սուպերվարչապետական համակարգը, արդյոք այդ փոփոխված տարբերակով կառավարությունը և գործադիր իշխանության մարմինները դառնում են խորհրդարանական վերահսկողությանն ավելի հաշվետու և ենթակա, արդյոք խնդիրներն այս տարբերակով կլուծվեն։
«Մենք առաջարկում ենք կառավարության այնպիսի կառուցվածք, որտեղ վարչապետին, կառավարությանը ենթակա մարմիններ չեն լինում, բոլորը ներառված են կառավարության հիմնական կառուցվածքի մեջ, բոլորի համար կան քաղաքական պատասխանատուներ, որով լուծվում է առաջին հերթին խորհրդարանական վերահսկողության և խորհրդարանական երկիր լինելու խնդիրը։ Մենք հայտարարել ենք խորհրդարանական երկիր, բայց այդպես էլ չենք դարձել, միգուցե ճանապարհի վրա ենք, բայց դրա համար պետք են համապատասխան փոփոխություններ իրականացնել»,- ասաց Է.Մարուքյանը։
Նա նշեց, որ կառավարության տարբերակով սփյուռքի նախարարությունը կրճատվում է, առաջարկվում է սփյուռքի հանձնակատարի մարմին իր գրասենյակով։
«Քանի որ հանձնակատարը գործող սահմանադրությամբ կառավարության անդամ չէ, դուրս է մնում խորհրդարանական շփումներից ու վերահսկողությունից։ Առաջարկում ենք հանձնակատարի գրասենյակի փոխարեն մի փոխվարաչապետին վերապահել հայրենադարձության և սփյուռքի հարցերը։ Այսինքն պահպանել երեք փոխվարաչապետների հաստիքները, մեկին անվանել սփյուռքի հետ կապերի և հայրենադարձության հարցերով փոխվարչապետ»,- մանրամասնեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը։
Նա նաև ասաց, որ իրենց առաջարկով պահպանվում է մշակույթի, գյուղատնտեսության նախարարությունները։
«Շատ ենք ուսումնասիրել, խոսել փորձագետների հետ։ Մի երկրում, որտեղ ՀՆԱ-ի 16 տոկոսը, 2018 թվականի տվյալներով, գյուղատնտեսության ոլորտից է, այդ երկրում ուղղակի կրճատել գյուղատնտեսության ոլորտը կանոնակարգող, ազատ մրցակցությունն ապահով, հետևող նախարարությունը, սխալ է։ Ընդունելի չեն փաստարկները, որ նախկինում վատ է աշխատել գյուղնախարարությունը։ Կարելի է հիմա պահպանել ու լավ, արդյունավետ աշխատել։ Պնդում ենք, որ պետք է պահպանել»,- նշեց նա։
«Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացվող տարբերակով լինում է 14 նախարարություն, որտեղ ներառված են բոլոր մարմինները՝
Ազգային անվտանգության նախարարություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Առողջապահության նախարարություն
Արտաքին գործերի նախարարություն
Գյուղատնտեսության նախարարություն
Արդարադատության նախարարությունն անվանվում է իրավական հարցերի նախարարություն
Կրթության, գիտության և սպորտի նախարարություն
Մշակույթի նախարարություն
Ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարություն
Ներքին գործերի նախարարություն, որի մեջ ներառված է ԱԻՆ-ը
Շրջակա միջավայրի պաշտպանության նախարարություն
Պաշտպանության նախարարություն
Տնտեսական զարգացման և նորարարությունների նախարարություն
Ֆինանսների նախարարություն, որտեղ ներառվում է ՊԵԿ-ն առանց իր քննչական մարմնի։
Այս տարբերակն այսօր ուղարկվել է կառավարություն։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան