Հայաստանին հետաքրքրում է ոչ միայն Նինոծմինդա-Բավրա, այլ նաև Բաթումի-Բավրա ճանապարհահատվածի կառուցումը. վարչապետ
«Այդ հարցը քննարկել ենք Վրաստանի թե նախկին, թե գործող վարչապետի հետ և ստացել եմ հավաստիացումներ, որ Նինոծմինդա-Բավրա ճանապարհը պետք է կառուցվի»,- այս մասին այսօր խորհրդարանում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանի հարցին, թե ինչպիսին է լինելու այդ ճանապարհի կառուցման ճակատագիրը:
«Վերջին տեղեկատվությունը, որ տվել են այն է՝ գործընթացը մրցույթի փուլում է, և դրա արդյունքում ճանապարհի շինարարությունը կսկսվի: Բայց հիմա մենք հարցերի ավելի լայն շրջանակ ենք քննարկում, քանի որ մենք շատ կարևոր ենք համարում տարածաշրջանային ծրագրերի իրականացումը»,- նշեց վարչապետը:
Նրա խոսքով՝ տվյալ համատեքստում Հայաստանին արդեն հետաքրքրում է ոչ միայն Նինոծմինդա-Բավրա, այլ նաև Բաթումի-Բավրա ճանապարհահատվածի կառուցումը:
«Այս պարագայում արդեն 100 տոկոսով իր տրամաբանության մեջ տեղավորվում է մեր Հյուսիս-հարավ նախագիծը: Տվյալ դեպքում մեր առաջարկած տրամաբանությունը հետևյալն է՝ մենք կարողանանք հարցին մոտենալ Բաթումի-Բանդերաբաս գծի տրամաբանության մեջ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին