Դեսպան Արման Կիրակոսյանը հանդիպել է բարոնուհի Քերոլայն Քոքսի հետ
ՄԹ-ում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը հանդիպել է Միացյալ Թագավորության Լորդերի պալատի և ՄԹ-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի անդամ բարոնուհի Քերոլայն Քոքսի հետ: Այս մասին հայտնում են ԱԳՆ մամուլ ծառայությունից։
Շնորհավորելով Արման Կիրակոսյանին ՄԹ-ում ՀՀ դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ բարոնուհի Քոքսը հաջողություն է մաղթել դեսպանին իր առաքելության իրականացման ընթացքում և պատրաստակամություն հայտնել հնարավորինս աջակցելու հայ-բրիտանական հարաբերությունների տարբեր ոլորտներում փոխգործակցության օրակարգն առաջ մղելու հարցում:
Դեսպանը ներկայացրել է ՀՀ մոտեցումները հայ-բրիտանական հարաբերությունների զարգացման, արտաքին քաղաքական օրակարգի, տարածաշրջանային տարբեր խնդիրների շուրջ, ինչպես նաև Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումների գործընթացը: Կողմերը համակարծիք են եղել հայ-բրիտանական խորհդարանական բարեկամության խմբի աշխատանքների առավել աշխուժացման հարցում՝ ՀՀ խորհրդարանում նշված խմբի կազմի վերջնական ձևավորումից հետո:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև արդի տարբեր միջազգային խնդիրների շուրջ: