Հ1-ից ազատված լրագրողների փաստաբանը չի բացառում, որ նոր հայց կներկայացնեն դատարան
Հանրային հեռուստաընկերության՝ աշխատանքից ազատված երկու լրագրողների՝ Լիանա Կարապետյանի ու Սիրանուշ Մուրադյանի կողմից վարչական դատարան ներկայացված հայցադիմումը վարչական վարույթ է ընդունվել։ Առաջին նիստը նշանակված է ապրիլի 30-ին։
Հիշեցնենք, որ լրագրողները հայցադիմում են ներկայացրել վարչական դատարան ընդդեմ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի` 25.12.2018 թվականի թիվ 46-Լ միջամտող վարչական ակտը վերացնելու պահանջով։ Նրանք խորհրդի որոշումը կամայական ու անհիմն են որակում։
Սիրանուշ Մուրադյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց՝ վճռական են, պայքարելու են մինչև վերջ, իրենց ձայնը լսելի են դարձնելու եվրոպական ատյաններում, արդարություն գտնելու համար անհրաժեշտության դեպքում կհասնեն նաև ՄԻԵԴ։
«Մենք ասում ենք, վարչական ակտը պետք է ունենա հիմնավորում, պետք է հիմնավորեն, թե ինչու չեն ցանկանում մեզ հետ աշխատել։ Սա մասնագիտական պատվի հարց է։ Իմ եվրոպացի գործընկերները, երբ տեղեկանում են, որ այլևս Հանրայինում չեմ, զարմացած հարցնում են՝ այդ ի՞նչն եմ ձախողել։ Մենք վճռական ենք, պայքարելու ենք, մեր ձայնը հասցնելու ենք մինչև եվրոպական ատյաններ»,-ասաց լրագրողը։
Լրագրողների փաստաբան Տիգրան Ղազարյանը Panorama.am-ի հետ զրույցում կարևորեց՝ դատարանն իր որոշման մեջ արձանագրել է. «համաձայն Վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասի` վիճարկման հայցի վարույթ ընդունելը կասեցնում է վիճարկվող վարչական ակտի կատարումը մինչև այդ գործով գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը»։
«Սա նշանակում է, որ մինչև դատարանի որոշումն իրավական ուժի մեջ մտնելը պետք է վարչական ակտը կասեցվեր, չգործեր։ Սակայն չի կասեցվել, վարչական ակտը կատարվել է, աշխատանքից ազատել են Լիանա Կարապետյանին ու Սիրանուշ Մուրադյանին»,-բացատրեց նա։
Փաստաբանի խոսքով, այստեղ առկա է իրավական շրջահայացության խնդիր, պետական մարմինը պարտավոր էր բավականաչափ իրավական գիտելիքներ ունենալ վարչական դատավարությունից, հասկանալ, եթե վիճարկման հայց է ներկայացվում դատարան, ապա ինքնաբերաբար պետք է կասեցվի ակտի կատարումը։
«Սա այն դեպքերից է, երբ պարտավոր էին, կարգավիճակից ելնելով, իմանալ հետևանքների մասին»,-մանրամասնեց փաստաբան Ղազարյանը։
Նրա խոսքով, վարչական ակտի չկասեցման հետևանքով առկա է վարչարարության պատճառած վնաս։
«Պետական մարմինն առերևույթ ոչ իրավաչափ վարչարարությամբ պատճառել է վնաս Լիանա Կարապետյանին ու Սիրանուշ Մուրադյանին, և այդ վնասի փոխհատուցումը ևս դրված է պետական մարմնի վրա։ Չեմ բացառում, որ նոր հայց ներկայացվի՝ վնասի փոխհատուցման պահանջով։ Վնասը պետք է հաշվել ազատման օրից մինչև սույն գործով դատարանի վճռի օրինական ուժի մեջ մտնելու օրը։ Անկախ քննության արդյունքից ու ելքից այդ հնարավորությունը կա»,-ասաց նա։
Նշենք, հայցը վարույթ ընդունելու որոշման մեջ դատարանը նաև գտնում է, որ անհրաժեշտ է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդից պահանջել դատարանին ներկայացնելու 25.12.2018թվականի թիվ 46-Լ որոշումը հայցվորների մասով ընդունելու համար հիմք հանդիսացած վարչական վարույթի նյութերը։
«Համաձայն Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի` «Ապացուցման բեռը կրում է` վիճարկման հայցով` վարչական մարմինը, որն ընդունել է միջամտող վարչական ակտը` դրա համար հիմք ծառայած փաստերի մասով»,-նշել է դատարանը։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան