Մտադրված ենք հուլիսի 1-ից 10 տոկոսով բարձրացնել զինծառայողների աշխատավարձը. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում ներկայացնում է կառավարության ծրագրի ընթացքի և արդյունքների մասին զեկույցը։
«Առաջին երեք ամիսների մեր գործունեությունը ամփոփելով` մենք եկել ենք այն համոզման, որ 2019 թվականի բյուջեի եկամտային մասը կգերակատարենք առնվազն 40 մլրդ դրամով, այսինքն` պետական եկամուտները 2019-ին կլինեն առնվազն այսքանով ավելի, քան նախատեսված է ԱԺ-ի կողմից ընդունված պետական բյուջեով։ Մենք մտադրված ենք 2019 թվականի հուլիսի 1-ից 10 տոկոսով բարձրացնել ԶՈՒ զինծառայողների աշխատավարձը, իսկ սեպտեմբերի մեկից՝ նույն չափով բարձրացնել հանրակրթական դպրոցներում աշխատող ուսուցիչների աշխատավարձը. մոտ 38 հազար ուսուցչի մասին է խոսքը։ Մենք պլանավորում ենք այս տարի իրականացնել շուրջ 303 կմ ավտոճանապարհների՝ տարբեր մակարդակների նորոգում, ինչը նույնպես աննախադեպ ցուցանիշ է վերջին ինը տարիների համար։ Այդ ցուցանիշը չի ներառում «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհի կառուցման աշխատանքները»,- ներկայացրեց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ կառավարությունը ևս 10 միլիարդ դրամ մտադիր է հատկացել սուբվենցիոն ծրագրերին, որոնք իրականացվում են տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ։
Փաշինյանը հիշեցրեց, որ սուբվենցիոն են կոչվում այն ծրագրերը, որոնց մի մասը ֆինանսավորում է կառավարությունը, մյուս մասը՝ համայնքները. «Չնայած նախորդ տարվա մեր պատրաստակամությանը 10 միլիարդ հատկացնել համայնքներում ենթակառուցվածքների զարգացմանը, նախորդ տարի, ցավոք սրտի, այս նպատակի համար կարողացանք ծախսել 1,6 մլրդ դրամ»։
Փաշինյանը նշեց, որ 40 մլրդ հավելյալ դրամի հավաքագրումը ստվերի դեմ ՊԵԿ-ի վարած քաղաքականության արդյունք է. «Եվ քանի որ կանխատեսում եմ, որ մտահոգություններ կհնչեն, թե ինչքանով է սա նեգատիվ ազդեցություն ունենալու տնտեսության վրա, ուզում եմ ասել, որ այս գործընթացում ռեպրեսիվ մեթոդներ չեն կիրառվում, այլ կիրառվում է բանակցային, երկխոսության մեթոդը»։
Կառավարության ղեկավարը արձանագրեց նաև քաղաքացիների և կառավարության համագործակցությունը. «Ուրախ եմ արձանագրել, որ ՀՀ քաղաքացիները իսկապես լայնորեն արձագանքում են կառավարության այն կոչերին, որ իրենք նույնպես անելիք ունեն ստվերի դեմ պայքարի հարցում: Իմ այն կոչը, որ պետք է պահանջել ՀԴՄ կտրոն, 2018-ի մայիսից մինչ այսօր երկրում 65 մլն հատ կտրոն ավելի է տպվել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ»։
Փաշինյանը հավելեց, որ ԶՈւ զինծառայողների և ուսուցիչների աշխատավարձերը 10 տոկոսով բարձրացնելը կառավարությունը չի համարում հեղափոխական ու դարակազմիկ քայլ, բայց դրանով սկսվում է դարակազմիկ ու հեղափոխական նշանակություն ունեցող գործընթաց։
Փաշինյանի խոսքով՝ շատ հետաքրքիր պրոցեսներ են տեղի ունենում շինարարության ոլորտում. «Եվ հունվարին, և փետրվարին այդ ոլորտում մենք ունեցել ենք 20 տոկոսը գերազանցող աճ։ Մյուս կողմից, լրջագույն աճեր են նկատվում հիփոթեկային վարկավորման ոլորտում։ Այս տարվա հունվարին, նախորդ տարվա հունվարի համեմատ, հիփոթեկային վարկավորումն աճել է 77 տոկոսով, փետրվարին՝ 100 տոկոսով։ Հիփոթեկային վարկերի պորտֆելի ծավալն աճել է 30 տոկոսով՝ բացարձակ թվով՝ 70 միլիարդ դրամ։ Հայաստանը կանգնած է շինարարական բումի շեմին»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան