Արմեն Գյուլբուդաղյանց. Առանց սխալի գոլ չի լինում
«Սխալվեցինք, այդ պատճառով էլ բաց թողեցինք գոլերը։ Առանց սխալի գոլ չի լինում։ Իրոք, շատ պարզ գոլեր էին։ Մենք չկարողացանք մեր գոլային պահերը իրացնել, և մրցակիցը մեզ գոլ խփեց հակագրոհի ժամանակ»,- մարտի 26-ին` ԵՎՐՈ 2020-ի որակավորման փուլի Հայաստան-Ֆինլանդիա ընտրական խաղից հետո Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացած ասուլիսում ասել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը։
Հիշեցնենք, որ խաղն ավարտվել է Հայաստանի պարտությամբ՝ 0-2 հաշվով։
Հարցին, թե Բոսնիայի և Հերցեգովինայի հավաքականի հետ խաղից հետո նշել էիք, որ խաղից գոհ էիք, արդյունքից՝ ոչ, արդյոք այս խաղի մասին է՞լ եք նույնը կարծում, մարզիչն ասել է. «Ընդհանուր առմամբ, խաղի որոշ հատվածներից գոհ էի, բայց ամբողջ խաղից՝ ոչ։ Դեռ շատ աշխատանք ունենք կատարելու, բարելավելու շատ կողմեր կան։
Ես ևս մեկ անգամ կրկնում եմ, որ մեր խաղի առաջնային նպատակը մեր ազգին ուրախացնելն է։ Եթե արդյունքը լավը չի, գոնե պետք է լավ խաղով ուրախացնենք մեր երկրպագուներին։ Լավ խաղալ ասելով` նկատի ունեմ ոչ թե փոխանցումների որակը, այլ անմնացորդ նվիրումը։ Մենք դեռ անցած տարի նշել էինք, որ մեր հավաքականը երիտասարդացման կարիք ունի։ Արդեն հինգ ֆուտբոլիստ նորամուտն է նշել հավաքականում։ Կփորձենք մեր ունեցած լավագույն երիտասարդներին ընդգրկել կազմ, որ լավ արդյունք ստանանք»։
Ասուլիսի մանրամասները՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքում։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի հավաքականը պարտվեց Ֆինլանդիային
- Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Ֆինլանդիայի դեմ խաղում
- Արմեն Գյուլբուդաղյանց. Անելու ենք ամեն ինչ, որպեսզի լավ արդյունք գրանցենք
- Գյուլբուդաղյանց. Կփորձենք քիչ սխալվել և մեր շանսերն օգտագործել