Շաքարավազի շուկայում 78 տոկոսը բացարձակ մենաշնորհ է. Բագրատյանը՝ վարչապետին
«Շաքարավազ ներմուծող ամենախոշոր ընկերության տեսակարար կշիռը շուկայում կազմել է 78 տոկոս՝ նախկին 95 տոկոսի փոխարեն, բանան ներմուծողի տեսակարար կշիռը կազմել է 30 տոկոս՝ նախորդ 57 տոկոսի փոխարեն։ Բենզին ներմուծող ամենամեծ ընկերության տեսակարար կշիռը կազմել է 29 տոկոս՝ նախկին 43 տոկոսի փոխարեն, իսկ դիզվառելիքի մասով՝ 29 տոկոս՝ նախկին 51 տոկոսի փոխարեն», - Ազգային ժողովում կառավարության ծրագրի ընթացքի և արդյունքների մասին զեկույցը ներկայացնելիս հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով մրցակցային վիճակը երկրում բարելավվել է, դաշտ է բացվել այլ ընկերությունների գործունեության համար։
Այնուհետև ԲՀԿ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը դիմելով վարչապետին՝ ասաց. «Օրինակ դուք նշեցիք, որ շաքարավազի մենաշնորհն 95 տոկոսից իջել է 78 տոկոս է իջել, բայց պարոն վարչապետ, մենք գիտենք, որ 78 տոկոսը բացարձակ մենաշնորհ է։ Պետք է տարվա վերջում այս թվերը 50 տոկոսից բարձր չլինեն»։
Փաշինյանը պատասխանեց, որ այդ 78 տոկոսը գերիշխող և մենաշնորհի նման է, բայց այդ փոփոխությունը մի քանի ամսվա մեջ է տեղի ունեցել. «Շուկայում 75 տնտեսվարող այսօր շաքարավազ է ներկրում։ Պարզ է՝ այն մենաշնորհ ունեցող ընկերությունը որոշակի առավելություն ունի, բայց ի՞նչ անենք, գնանք մտնենք այդ ընկերությունը տանք ջարդուփշուր անե՞նք, թե՞ այնպես անենք, որ այդ ընկերությունն էլ շարունակի աշխատել, բայց իր ունեցած առավելությունից զրկվի և գա հավասար դաշտ»։
Վարչապետը նշեց, որ լիովին կիսում է Բագրատյանի մտահոգությունը։
«Մենք այդ օրինակն ունենք. կան ընկերություններ, որոնք այդ շուկա մտել էին և հավակնություն ունեին մրցակցություն ներկայացնել: Մենաշնորհի տերը գնացել է, մեծ գումարով` 50 տոկոս, փայ է մտել այդ ընկերության հետ: Ես վատ եմ գնահատում այդ երևույթը, և սեփականատիրոջ հետ խոսելու ժամանակ ասել եմ, որ դա ընդամենը ձև էր, որ դուք մտնեք շուկա և երկու կոպեկ ավել փող աշխատեք: Բայց ես ոչ պոզիտիվ, ոչ նեգատիվ առումով չեմ ուզում միջամտել շուկային, սրան ասեմ՝ մի ծախի, նրան ասեմ՝ մի առ, բայց այդ պրոցեսները կան»,- հավելեց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին