Քաղաքական հաշվեհարդարի արդի պատմություն
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության պետական կոմիտեի նախագահ, Արցախի Հանրապետության առաջին նախագահ, Հայաստանի Հանրապետության վեցերորդ վարչապետ ու ՀՀ երկրորդ նախագահ, Արցախի հերոս, Պատվո լեգեոնի ասպետ Ռոբերտ Քոչարյանը 8 ամիս առաջ` 2018-ի հուլիսի 27-ին կալանավորվեց թավշյա վարչապետ Փաշինյանի քաղաքական հրամանով և վերջին գրեթե 4 ամիսներին` 2018-ի դեկտեմբերի 7-ից ի վեր, փաստացի բանտարկված է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում` ԱԱԾ մեկուսարանում։
Քաղաքական հաշվեհարդարի դեռ անավարտ, բայց օրվա ռեժիմի իրար հաջորդող հուսահատ քայլերով անխուսափելիորեն իր անփառունակ վախճանին մոտեցող այս բացառիկ պատմության ժամանակագրությունը միանգամայն խոսուն է։ Թավշյա բռնապետի ոխերիմ ձեռնարկի ապօրինությունն ապացուցելուն զուգահեռ` դեպքերի ու ներգրավված դեմքերի շարքն ինքնին հաստատում է, որ վերջին ամիսներին մեր երկրում տեղի ունեցողը հայոց պետականության հիմքերը քանդելու ծրագրված և ուղղարդվող գործունեություն է։ Փաշինյանը, թերևս, առավելապես կամակատար է, իսկ խամաճիկավարները` ներսում ԼՏՊ-ն ու իր ՀՀՇ-գվարդիականներն են, դրսում` դեսպանատան էմիսարներն ու քեռի Սորոսը։
Այս ուղղությամբ տեսանելի առաջին քայլը, թերևս, կատարվեց նախորդ տարվա հուլիսի 3-ին, երբ ՀՔԾ-ն պաշտոնապես տեղեկացրեց, որ 2008-ի մարտի 1-ի ոճրագործության մեղավորներին բացահայտելու որոշում է կայացվել։ Այսինքն. ՀՔԾ-ն փաստացի հայտարարեց, որ վարչապետ Փաշինյանը որոշել է մեղավորներ նշանակել` ՀՀ առաջին նախագահ ԼՏՊ-ի իշխանատենչ ռևանշիզմի, հրահրած քաղաքացիական անհնազանդության, զինված ուժերում բորբոքած դավաճանական դասալքության, իրավապահների դեմ սադրած զինված բախումների հետևանքով տեղի ունեցած ոճրագործության հետքերը պարտակելու նկատառումով։ Անհրաժեշտ է հիշեցնել, որ այդ ոճրագործության հետևանքով երեկոյան զոհվեցին տասը մարդ։ Իսկ Նիկոլ Փաշինյանը ո՛չ միայն ամենի ակտիվ մասնակիցն է եղել, այլ ԼՏՊ-ի անմիջական ուղղորդմամբ մարտի 1-ի երեկոյան ծավալել է բուռն, որոշիչ, հետևողականորեն սադրիչ ու հանցավոր գործունեություն։
Մեղավոր նշանակվածներից առաջինը դարձավ մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար, գեներալ գնդապետ Միքայել Հարությունյանը։ Նրան առաջադրվեց ՔՕ-ի 300.1 հոդվածի 1-ին մասով` սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք։ ՀՔԾ-ն տեղեկատվությամբ նաև հայտնեց, թե` պաշտպանության նախարարն իր գործողությունները կատարել է «այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ միասին»։ Ընդամենն օրեր անց` հուլիսի 6-ին պարզ դարձավ, որ այդ թափանցիկ ակնարկը հասցեգրված է Ռոբերտ Քոչարյանին. նրա տան հասցեով 14:00-ին ստացվեց ծանուցագիր, որով երկրորդ նախագահը նույն օրը 15:30-ին հրավիվում էր հարցաքննության։
Այդ օրերին Քոչարյանը Հունաստանում էր, սակայն նրա հանձնարարությամբ ՀՀ II նախագահի գրասենյակի պատասխանատուն հուլիսի 9-ին այդ մասին նամակով իրազեկել է ՀՔԾ քննիչին, նաև տեղեկացրել, որ հուլիսի 25-ին նա վերադառնալու է։ Հուլիսի 26-ին Ռոբերտ Քոչարյանը ներկայացել է ՀԾՔ` հարցաքննության, հուլիսի 27-ին կալանավորվել է, իսկ մեկ օր անց` հուլիսի 28-ին ընդհանուր իրավասության դատարանը նրան 2 ամսով կալանելու որոշում է կայացրել։ Այստեղ նույնիսկ չցանկանալու դեպքում` նկատելի է մեր ոխերիմ հարևանների հնամենի սովորության նորովի ընդօրինակումը. նրանք էլ մեր երկրի երևելիներին հրավիրում էին հանդիպման ու դավադրաբար բանտարկում կամ հաշվեհարդար էին տեսնում։ Բարեբախտաբար, այս դեպքում Քոչարյանը կալանավորված մնաց 18 օր` մինչև օգոստոսի 13-ը, երբ վերաքննիչ դատարանը` հաշվի առնելով ՀՀ II նախագահի սահմանադրական անձեռնմխելիության հանգամանքը, նրան կալանքից ազատելու որոշում կայացրեց։
Այստեղ Փաշինյանի քաղաքական հաշվեհարդարի պլանը բացահայտվեց իր ողջ մերկությամբ։ Վերաքննիչ դատարանի օրինական որոշումից հանկարծակիի եկած վարչապետը ուղղակիորեն միջամտեց դատական համակարգի գործունեությանը, և հենց հաջորդ օրը նրա հրահանգով Գլխավոր դատախազությունը հայտարարեց, որ վճռաբեկ դատարանում բողոքարկելու է վերաքննիչ դատարանի որոշումը։ Այսինքն` ոտնահարելու է ՀՀ սահմանադրության 140 հոդվածի II մասի դրույթը, որն ուղղակի սահմանում է. «Հանրապետության նախագահն իր լիազորությունների ժամկետում և դրանից հետո չի կարող հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել իր կարգավիճակից բխող գործողությունների համար»: ՀՔԾ պետն էլ` Փաշինյանի ցուցումով (ինչպես հետո հայտնի դարձավ ԱԱԾ-ՀՔԾ պետերի հեռախոսազրույցի գաղտնալսումը հրապարակվելուց հետո) շտապեց հայտարարել, թե` վերաքննիչ դատարանը դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից, ապա և հավաստեց, որ դատախազությունն անպայման կդիմի վճռաբեկ դատարան։
Անմիջապես էլ հայտնի դարձավ և մամուլում բազում հրապարակումներ եղան, որ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու որոշումը կայացրած վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ «բիրտ ճնշում» է կիրառվել։ Նաև համացանցային ֆեյք-հանրությունը միացավ դատավոր Ազարյանի դեմ ճնշումներին, հրահրվեցին վարձու բողոքի ակցիաներ, իսկ վարչապետ Փաշինյանը դատական համակարգի նկատմամբ «հեղափոխական» ճնշումներն օրհնեց իր հանրահայտ «ինչի Հայաստանում դատավոր կա՞, որ կարա իմ ասածին ասի չէ՞...» հովանավորչական խթանով։
Կալանքից ազատվելուց միայն 23 օր անց` սեպտեմբերի 4-ին դատարանը խափանման միջոց ընտրեց չհեռանալու մասին ստորագրությունը։ Այսինքն. օգոստոսի 13-ից ազատություն ստածաց Ռոբերտ Քոչարյանը ո՛չ միայն չհեռացավ Հայաստանից, այլ նաև պատշաճորեն կատարեց քրգործի քննությանն առնչվող իր բոլոր պարտականությունները և ոչ ի կերպ չխոչընդոտեց քննության ընթացքը։ Սակայն արդեն նոյեմբերի կեսերին Փաշինյանի ոխերիմությունն այլևս անկարող եղավ «հանգուրժել» քննության այս օրինական ու պատշաճ ընթացքը և նա ՀՀ II նախագահին «փակելու»` ամեն գնով ու հնարքով դարձյալ կալանավորելու հրաման արձակեց (հաստատումները ԱԱԾ և ՀՔԾ պետերի հեռախոսազրույցի ձայնագրությունում առկա են անվերապահորեն)։
Օրինազանցության այս գործին լծվեցին ԱԱԾ-ն, ՀՔԾ-ն, դատախազությունն ու քննիչները` ողջ դատական համակարգը։ Մի քանի դատավորներ կարողացան հիմնավորումներ գտնել ու ինքնաբացարկ ներկայացնելով` հրաժարվել «ջուր» քրգործով շինծու դատավարության խամաճիկ կատարածուն լինելուց։ Ի վերջո, սակայն, վերաքննիչ դատարանը նոյեմբերի 27-ից սկսեց քննել Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու` վճռաբեկ դատարանի դատավոր Ազարյանի կայացրած որոշումը չեղարկելու վերաբերյալ գլխավոր դատախազության միջնորդությունը։ Դատավարության տևական ընթացքում ՀՀ երկրորդ նախագահի փաստաբանները ներկայացրեցից բազմաթիվ միջնորդություներ, փաստարկված հիմնավորումներով հերքեցին պնդումները, թե ազատության մեջ մնալով` Ռոբերտ Քոչարյանը կարող է ազդել դատաքնության ընթացքի վրա, նաև խնդրեցին դիմել Սահմանադրական դատարան` առաջադրված անհիմն և անբովանդակ մեղադրանքի սահմանադրականությունը ստուգելու, կամ ՔՕ-ի 300.1 հոդվածի 1-ին մասով առաջադրված` սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքից հրաժարվելու համար։
Սահմանադրությանն ու օրենքներին, փաստաբանների ներկայացրած հիմնավոր փաստարկներին ու առողջ դատողությանը անհաղորդ մնացած վերաքննիչ դատարանը, առաջնորդվելով միայն ու միայն վարչապետ Փաշինյանի քաղաքական հաշվեհարդարի ոխերիմ նկրտումը սպասարկելու ուղենիշով` դեկտեմբերի 7-ին չեղարկեց վճռաբեկ դատարանի որոշումը և Ռոբերտ Քոչարյանին 2 ամսով կալանավորելու որոշում կայացրեց։ 2019-ի հունվարի 18-ին ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ ՀՀ II նախագահի կալանքի ժամկետը երկարաձգվեց ևս 2 ամսով։ Բավարարելով ՀՔԾ միջնորդությունը` դատարանը նաև մարտի 15-ին որոշեց 2 ամսով դարձյալ երկարաձգել ՀՀ II նախագահի կալանքի ժամկետը։ Իսկ փետրվարի 15-ին ՀՔԾ-ն պաշտոնապես հայտարարեց, որ ավարտել է քրեական գործի քննությունը և գործի 76 հատորներն ընդամենը 50 օրով տրամադրեց փաստաբաններին` ծանոթանալու համար։
Արդեն 3 ամիս և 3 շաբաթ Ռոբերտ Քոչարյանը բանտարկված է։ Այս գրեթե 4 ամիսների ընթացքում ՀՀ երկրորդ նախագահի փաստաբանական խումբը 5 գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան` որոնք գրանցվել են։ Բազմաթիվ բողոքներ է ներկայացրել վճռաբեկ դատարան, գրավի դիմաց կալանավորվածին ազատ արձակելու միջնորդություն է ներկայացրել` որոնք սակայն կամ ընթացք չեն ստացել, կամ էլ առանց խելամիտ հիմնավորման մերժվել են։ Խումբը նաև դիմումներ է ներկայացրել Սահմանադրական դատարան և մի քանի հայցեր է նախապատրաստում, որոնք առաջիկայում կներկայացվեն ՍԴ։
ՀՀ II նախագահ Ռոբերտ Քոչարյանի քրգործի 76 հատորներում անցած 8 ամիսներին հիմականում ջհանգիրյանների ու հհշական այլ նենգադավների հուշումներով «կաթիլ առ կաթիլ» հնարված ու հորինված «ջուրն» է։ Մեծ ծավալ են կազմում նաև ցուցմունքների տեսքով արձանագրված լտպական ու հհշական ողջ հանցավոր ոհմակի զառանցանքն ու մաղձը։ Փաշինյանի քաղաքական պատվերն սպասարկող դատախազների անխնա «ջրած» քրգործում իրենց սնափառ տեղն են գտել նաև դավաճան ու դասալիք գեներալներից, իրենց երդումը դրժած սպաներից, քրեական ու կոռուպցիոն արկածների շարքով հայտնի և հիմա իրենց մորթը փրկող ժամկետանց պաշտոնյաներից, կաշառատվության անպարագիծ մասշտաբներով ու բանսարկության անսահման նենգամտությամբ հանրահայտ բիզնեսվումնից ու բիզնեսմեններից բռնությամբ ու շանտաժով կորզած ցուցմունքները։
Իհարկե, այս ամենի համար և՛ Փաշինյանը, և՛ թավշյա վերանախավը շատ թանկ են վճարել. պետական պաշտոններով ու մենաշնորհներով, քրեական վտանգի սպառնալիքը աննախադեպ բարձր մակարդակի հասցնելով, օրինականությունն ու սահմանադրությունը ոտնահարելով, կոռուպցիան համակարգային դարձնելով և ժողովրդի հույսն ու հավատը սպանելով։ Իրենց ոխերիմ նկրտումներն իրագործելու համար այս ամբողջատիրական ու բռնապետական ռեժիմը նաև վճար է դարձրել ամենաթանկը` պետության ու ժողովրդի անվտանգությունը, ինքնիշխանությունն ու պետականությունը։ Մինչդեռ այս ամենից կարելի էր խուսափել ողջախոհության ու օրինականության շնորհիվ. այն` ինչ 8 ամիս շարունակ համառորեն հուշել են և՛ ՀՀ II նախագահը և նրա փաստաբանական խումբը։
Ինքնին հասկանալի է չէ, որ երկրի նախագահի` պետության գլխի բոլոր լիազորություններն ունեցող Ռոբերտ Քոչարյանը հենց իր անմիջական պարականություններն է կատարել, երբ իր սահմանադրական իրավասությունների ուժով երկրի սահմանադարակն կարգի դեմ լտպական ռևանշիստների սանձազերծած ոտնձգությունն է չեզոքացրել։ Այս պարզ ու հասկանալի իրողությունը վերջին ամիսներին փաստաբանների խումբը պնդել ու ներկայացրել է հնարավոր բոլոր ձևերով, սակայն օրվա իշխանություն ու վարչապետն այդպես էլ չգիտակցեցին, որ Ռոբերտ Քոչարյանին հարկ կլիներ դատել հենց հակառակի դեպքում. եթե նա չկատարեր իր սահմանադրական պարտքն ու իր լիազորությունների ողջ ուժով չպաշտպաներ ու չպահպաներ երկրի սահմանադրական կարգը։
Այսօր վարչապետ դարձած լտպական խամաճիկը փաստացի պնդում է, թե` երկրի ղեկավարը հանցագործ է, երբ պաշտպանում ու պահպանում է ժողովրդի անմիջական քվեով իրեն վստահված պետության սահմանադրական կարգը։ Այս կերպ նա միաժամանակ հաստատում է, որ նշույլ իսկ ճնշման դեպքում առանց որևէ դիմադրության հրաժարվելու է իր անմիջական պարտականություննեը կատարելուց, չի պաշտպանելու երկրի սահմանադրական կարգը արտաքին կամ ներքին ոտնձգությունից, առաջին իսկ պահանջով հանձնելու է պետության ղեկը առաջին իսկ համբակին, դավաճանելու է ժողովրդին ու ազգին։ Ասվածը միանգամայն բացահայտ է դարձնում, որ Փաշինյանը պարզ քաղաքական պատվեր է կատարում, որն սպասարկում են և՛ իր խամաճիկավարի վրիժառու թիմը, և՛ սեփական սորոսական ու գրանտային թիմակիցները։
Այլևս բացահայտ է, և առաջիկայում տեղի ունենալիք դատավարությունն այս իրողությունները շատ արագ կդարձնի ողջ հանրության, նույնիսկ երդվյալ և անդրդվելի «սպիտակների» սեփականությունը։ Պարզ կդառնա, որ ՀՀ II նախագահին առաջադրված մեղադրանքի հոդվածն իսկ քրօրում չկա։ Շատ շուտով բոլորը կտեսնեն, որ ՀՀ սահմանադրությունը գործում է և Ռոբերտ Քոչարյանն օժտված է սահմանադրական անձեռնմխելիությամբ (ինչը անկախ ու օրինապահ դատավորն արդեն իր օրինական որոշմամբ հաստատել է)։ Դատավարությունն անխուսափելիորեն կբացահայտի նաև 8 ամիս շարունակ փաստաբանների, իրավաբանների, լրջամիտ քաղաքական գործիչների, մեկնաբանների ու վերլուծաբանների պնդումը, որ Ռոբերտ Քոչարյանը քաղաքական բանտարկյալ է և նրա նկատմամբ սանձազերծված է քաղաքական հաշվեհարդար։
Խոհեմ դիտորդը ցանկության դեպքում չի կարող չտեսնել, որ շանտաժով ու բռնությամբ անցկացված համապետական արտահերթ ընտրություններով ձևավորված խորհրդարանի հետևանքով վարչապետ նշանակվելուց հետո Փաշինյանը ոչինչ չի արել` բացի Արցախի հիմնախնդիրը թելադրված հուն մտցնելուց և այս իր հանցագործությունը կանխելուն ընդունակ ու կարող Ռոբերտ Քոչարյանին բանտարկելուց ու կալանված պահելուց։ Ժամանակը անշեղորեն ցույց է տալիս, որ խելամիտ դիտորդների շարքերը ստվարանում են և Ռոբերտ Քոչարյանի համակիրների բազմությունն ամեն օր համալրվում է նորանոր համախոհներով ու աջակիցներով։
Իսկ Փաշինյանը ոչ միայն ցուգցվանգի, այլ նաև ցայտնոտի մեջ է հայտնվել։ Նա և՛ շտապում է, և՛ չգիտի` ինչ անել։ Փորձում է և՛ կատարել ստանձնած արտաքին պատվերը, և՛ իր ու լտպի քաղքական վրեժը լուծել։ Եվ ամեն նոր քայլով շարունակաբար մոտենում է իր անխուսափելի քաղաքական վախճանին։ Նրան օգնել է պետք` որ շատ չտանջվի։
Սիմոն Գյուրջյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու